ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեխնիկապես հագեցված լսարան և հեռուստաստուդիա բացվեց

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեխնիկապես հագեցված լսարան և հեռուստաստուդիա բացվեց

Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր նոր լսարան և հեռուստաստուդիա բացվեց, երկուսն էլ կրթական ծրագրի արդյունավետության նոր չափանիշ են սահմանում, քանի որ տեխնիկապես հագեցած են և ուսանողների համար ստեղծում են պրակտիկ կրթության, բազմաթիվ նոր համագործակցությունների հնարավորություն:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենի առաջարկությամբ  Ժուռնալիստիկայի ֆակուլտետում լսարաններից մեկն ամբողջությամբ կահավորել, այս մասին ասաց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

«Շատ կարևոր համագործակցության շնորհիվ ունենք լսարան, որը կծառայի PR հաղորդակցային տեխնոլոգիաներ մագիստրոսական ծրագրում սովորող ուսանողներին»,- նշեց դեկանը:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Նարեկ Գևորգյանն էլ որպես նախկին համալսարանական կարևորեց ուսանողների առաջ նոր դռներ բացելու հնարավորությունը:

«Կարևոր է, որ ավարտածները մի օր կրկին վերադառնան համալսարան ու տարբեր ձևաչափերով օգնեն բուհին լինել առաջատար բոլոր ոլորտներում: Քանի որ ֆակուլտետն էլ բաց է համագործակցության համար,մենք դեռ երկար կաշխատենք միասին»,- նշեց Գևորգյանը:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց նաև հեռուստաստուդիա, այս մեկն արդեն համալսարանի և  Հանրային Հեռուստաընկերության համատեղ ջանքերով: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ևս ԵՊՀ շրջանավարտ է, և նրա աջակցությամբ էլ հեռուստաստուդիան կահավորվել է, հագեցվել տեխնիկայով:

Բացման արարողությանը ներկա ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պռոռեկտորները կարևորեցին համալսարանում այսպիսի նախաձեռնությունների իրականացումը և վստահեցրին, որ ԵՊՀ-ն միշտ բաց է համագործակցության համար:

«Շատ կարևոր գործ է արվել, քանի որ ոչ միայն համալսարանական տարածքն է օպտիմալ և արդյունավետ օգտագործվում, այլ նաև ուսանողները հնարավորություն են ունենում շփվել իրենց ապագա գործատուների հետ»,- նշեց ռեկտորի պաշտոնակատարը:

ԵՊՀ-ի ամենաուսանողակնետրոն ֆակուլտետը մեծ ու փոքր քայլերով առաջ է գնում՝ իր բոլոր ուսանողների համար ապահովելով կրթական ջերմ ու ներառական միջավայր, տեսական և պրակտիկ գիտելիքների վրա հիմնված որակյալ կրթություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում