Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության խախտման համար մի քանի օրից տուգանքներ կգործեն

Պարեկային ծառայությունն իրականացնում է իրազեկման միջոցառումներ։ Վարորդները հնարավորություն ունեն պարեկային ծառայության ծառայողների օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հիշեցնելով, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:
Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։
Վարորդներին կոչ է արվում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։
Կարծիքներ