Դեկտեմբերին Ճապոնիայում կվերագործարկվի Իկատայի ատոմակայանի երրորդ ռեակտորը

Դեկտեմբերին Ճապոնիայում կվերագործարկվի Իկատայի ատոմակայանի երրորդ ռեակտորը

Ճապոնիայի արևմուտքում գտնվող «Իկատա» ատոմակայանի շահագործող «Սիկոկու էլեկտրիկ Փաուերը» դեկտեմբերի 2-ին կվերսկսի իր երրորդ ռեակտորը, որը փակվել էր 2019 թվականի դեկտեմբերին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է օպերատորի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա կայքում։

Համապատասխան որոշումն ընդունվել է էներգաբլոկի համակարգերի անվտանգությունը ստուգելուց հետո։ Միաժամանակ ատոմակայանից էլեկտրաէներգիայի մատակարարումը կսկսվի դեկտեմբերի 6-ից։

Երրորդ ռեակտորի աշխատանքը դադարեցվել էր 2019 թվականի դեկտեմբերին տեղի բնակիչների հայցի պատճառով, որոնք մատնանշում էին երկրաշարժերի և հրաբխի ժայթքման վտանգը այն տարածքում, որտեղ գտնվում է ատոմակայանը։ 2021 թվականի մարտին դատարանը բեկանեց այս որոշումը՝ ուսումնասիրելով Shikoku Electric Power-ի այն փաստարկները, որ ատոմակայանի մոտ բնական աղետների հնարավորության իրական ապացույցներ չկան։

«Իկատա» ատոմակայանի առաջին և երկրորդ ռեակտորները ապամոնտաժման փուլում են՝ ծառայության առավելագույն ժամկետի հասնելու պատճառով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում