Հայերին դեռ թույլ չեն տալիս վերադառնալ «Food սիթի»

Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե Մոսկվայի «Food սիթի» կոչվող մեծածախ շուկայում հարթվել է հայերի մուտքի արգելքի հարցը, սակայն Freenews-ը կապ հաստատեց տեղում առևտրով զբաղվող մեր հայրենակիցների հետ և պարզեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Շուկայի տնօրինությունը մինչ այս պահը թույլ չի տալիս հայկական համարներով բեռնափոխադրողների մուտքը «Food սիթի», փոխարենը առաջակում է մեքենաների վրա տեղադրել ռուսական համարներ և անարգելք մտնել ներս: Նշենք, որ առևտրականներից ոմանք համաձայնել են այդ պահանջին, սակայն նրանց գերակշռող մասի համար սկզբունքային հարց է սեփական ծագումը թաքցնելու հարցը:
Մենք նաև տեղեկացանք, որ տվյալ շուկայի տարածքում միակ հայկական ընկերությունը, որ ուներ վարձակալած տարածք՝ «Սպայկան» էր, սակայն վերջինս՝ ստեղծված իրավիճակի պատճառով, որոշում է կայացրել խզել պայմանագիրը և անհապաղ դուրս գալ շուկայից:
Վերջին մի քանի օրերում ռուսաստաբնակ հայերի համախմբումը շատ ոգևորիչ էր, մեր հայրենակցից հետաքրքրվեցինք, արդյո՞ք նման մարդկային հոսքի շնորհիվ հայ առևտրականները կարողացել են վաճառել արտահանված ողջ բերքը, թե ոչ: Վերջինս տեղեկացրեց, որ իրենք ևս շատ ոգևորված էին նման վերաբերմունքով, սակայն ողջ բերքն իրացնել պրակտիկորեն անհնար էր, քանզի «Food սիթի» շուկայում, ասենք ՝ ծիրանը գնում էին առնվազն կես տոննա կամ մեկ տոննա քանակով, իսկ փողոցում բեռնատարներին մոտեցող մարդիկ առավելագույնը՝ մի քանի արկղ: Ընդհանուր առմամբ այս տարի արտահանվել է 16 հազար տոննա ծիրան, սակայն տվյալ շուկայում, բնականաբար վաճառվում էին նաև բազմաթիվ այլ հայկական ապրանքներ:
Մենք հետաքրքրվեցինք, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի և այլոց տրամադրած տարածքներն արդյոք համարժեք չե՞ն այդ շուկային և արդյո՞ք «Food սիթի»-ից առհասարակ հրաժարվելով հայերը շա՞տ կտուժեն, մեր հայրենակիցն ասաց, որ դրանք համարժեք չեն, քանի որ «Food սիթին» սովորական շուկա չէ, այլ ագրոկլաստեր է, այն Ռուսաստանի և գուցե նաև ողջ աշխարհի ամենամեծ մեծածախ շուկան է, այնտեղ ներկայացված չլինելով հայերը միանշանակ կունենան բերքի ծավալի իրացման խնդիր:
Կարծիքներ