Հզորության մեծ պաշար ունենք, երբևիցե խնդիր չենք կարող ունենալ. ՀԿԾՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի մասին

Հզորության մեծ պաշար ունենք, երբևիցե խնդիր չենք կարող ունենալ. ՀԿԾՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի մասին

 Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրական հզորության, սպառողների պահանջարկը բավարարելու խնդիր չունի և չի կարող ունենալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Մենք ունենք ատոմակայանի պարտադրած 141 օր կանգառ, ՀԱԷԿ-ի ծառայության ժամկետի երկարաձգման ամենահիմնական  աշխատանքներն են այս տարի իրականացվելու են: Բնականաբար այդ էլեկտրաէներգիան պետք է փոխարինեինք մեր եղած ռեսուրսով, փոխարինվել է Հրազդան ջէկ-ի արտադրության ռեսուրսով: Հրազդան ջէկ-ի արտադրությամբ կազմվել է հաշվեկշիռ և սակագները սահմանվել են: Մայիսին հնարավորություն է եղել էժան էլեկտրաէներգիա ներմուծել Վրաստանից»,-ասաց Բաղրամյանը:

Այսպիսով` ներմուծված հզորության չափով Հրազդանի ջէկ-ը կանգնեցվել է: ՀԾԿՀ նախագահը ներկայացրեց Հրազդան ջէկ-ի սակագները. «Էլեկտրաէներգիան շուրջ 33 դրամ է, Վրաստանից ներմուծվում է մոտ 24 դրամով: Այսինքն՝ ամեն կվտ-ում 9 դրամ օգուտ է ստեղծվում համակարգում: Եվ այդ օգուտները մյուս տարի սակագները վերանայելիս իջեցվելու են սակագներից»:

Մինչև պատերազմում Արցախում տարածքներ կորցնելը, էժան էլեկտրաէներգիա էր ներկրվում այնտեղից: «Մինչև պատերազմը նախատեսված էր 300-330 մլն ներկրում անել: Դա շատ ավելի էժան գնով էր մատակարարվում, քան հիմա փոխարինել ենք»,-ասաց Բաղրամյանը:

Էլեկտրաէներգիայի պահանջարկը առաջնահերթ բավարարվում է ամենաէժան կայաններով, իսկ չբավարարող մասը լրացվում է ջերմակայաններով: «Հզորությունների այնքան մեծ պաշար ունենք, երբևիցե խնդիր չենք ունենա: Ունենք տեղակայված շուրջ 3000 մեգավատտ հզորություն, մեր պիկային հզորությունը հասնում է 1200 մեգավատտի»,-ասաց Բաղրամյանը:

Պահանջարկը սկզբում բավարարվում է ամենաէժան էլեկտրաէներգիայով՝ ատոմակայան, հիդրոէլեկտրակայանների կասկադներ, հետո նոր պահանջարկի պակասող մասը լրացնում է ջերմակայանը՝ որպես ամենաթանկ կայան: «Հզորության կամ մեր սպառողների պահանջարկը բավարարելու խնդիր չունենք, այլ հարց է, որ արտադրության կառուցվածքի փոփոխությունը բերում է արտադրող կայաններում արտադրության սակագնի թանկացման»,-ասաց նա:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում