ԱՄՆ-ը դեռեւս հետաքննում է «Հավանայի համախտանիշը»

Միացյալ նահանգները հետաքննում է, որպեսզի պարզի, թե ով կամ ինչն է առաջացրել ենթադրյալ «նպատակային» ռադիոհաճախականության գրոհները ամերիկյան դիվանագետների վրա, ինչն է հանգեցրել է տարբեր նյարդաբանական հիվանդությունների, որոնք հայտնի են որպես «Հավանայի համախտանիշ»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է AP-ն:
Նրա խոսքով՝ եթե Վաշինգտոնը կասկածի, որ դրանում ներգրավված է պետական սուբյեկտ, նա կբարձրացնի այս հարցը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն այս պահին դեռ չգիտի, թե որն է եւ ով է այդ միջադեպերի պատճառը:
«Մենք ընթացքի մեջ ենք, նախագահի հրահանգով, Ազգային անվտանգության խորհրդի գլխավորությամբ, համակարգելով համապետական հետաքննությունը, ներառյալ հետախուզական համայնքը, Պետդեպարտամենտը, Պաշտպանության նախարարությունը, որպեսզի փորձենք հասնել հարցի էությանը»,- ասել է Բլինքենը։
2016 թվականից սկսած՝ Կուբայում ԱՄՆ դեսպանության տասնյակ աշխատակիցներ հայտնել են այնպիսի ախտանիշների մասին, ինչպիսիք են լսողության կորուստը, ականջներում զնգոցը, գլխապտույտը, գլխացավերը եւ հոգնածությունը, որոնք բնորոշ են թեթեւ գանգուղեղային վնասվածքներին:
Դեպքերից տուժել են ԱՄՆ կառավարության տասնյակ աշխատակիցներ, անցյալ ամիս New York Times-ը հայտնել էր, որ տուժել է ավելի քան 130 մարդ, ինչը շատ ավելին է, քան նախկինում հայտնի էր: Բացի այդ, տուժածների թվում են եղել Եվրոպայից եւ Ասիայից աշխատակիցներ: Ընդ որում, այս դեպքերը տեղի են ունեցել բոլորովին վերջերս:
Ապրիլին ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովի ղեկավարները հայտնել էին, որ միջադեպերի թիվն աճում է, եւ հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում:
Հարցին, թե նախագահ Ջո Բայդենը այս հարցը կբարձրացնի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ժնեւում նախատեսված հանդիպմանը, Բլինքենը կրկնել է, որ Վաշինգտոնը դեռ չգիտի այդ դեպքերի սկզբնապատճառը կամ մեղավորին:
«Այնպես որ, իհարկե, եթե մենք մտավախություններ, կասկածներ կամ համոզմունքներ ունենք, որ որեւէ պետություն, Ռուսաստանը կամ մեկ ուրիշը ներգրավված է եղել դրանում... վստահ եղեք, որ մենք դա կփոխանցենք նրանց: Բայց հիմա մենք պարզապես չգիտենք»,- ասել է նա:
Կարծիքներ