Ամերիկուհին մեկ միլիոն դոլար է շահել պատվաստվածների համար վիճակախաղով

Ամերիկուհին մեկ միլիոն դոլար է շահել պատվաստվածների համար վիճակախաղով

Ամերիկյան Օհայո նահանգում հրապարակվել են պատվաստվածների համար վիճակախաղի առաջին հաղթողների անունները։ Ինչպես տեղեկացնում է NBC News-ը, Էբիգեյ Բուգենսկեն Սիլվերսթոն քաղաքից ստացել է մեկ միլիոն դոլար, իսկ դպրոցական Ջոզեֆ Կոստելոն Էնգլվուդից շահել է իր ապագա ուսման լրիվ վճարը, տեղեկացնում է Lenta-ն։

Նշվում է, որ թոշակը կծածկի ուսման ծախսը նահանգի ցանկացած համալսարանում կամ քոլեջում, ինչպես նաեւ կեցությունը եւ սնունդը չորս տարվա ընթացքում։ Ինչպես նշել է նահանգապետ Մայք Դեւայնը, ոմանք կարող են այս գաղափարը «խենթ» կամ «փողերի իզուր վատնում» համարել։ Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ վիճակախաղի հայտարարումից գրեթե անմիջապես հետո նահանգում տեղի է ունեցել պատվաստանյութերի գրանցման բռնկում. նրա շտաբի տվյալներով՝ պատվաստումների թիվն ավելացել է 28 տոկոսով։

Vax-a-Million վիճակախաղը կազմակերպվել է Դեւայնի նախաձեռնությամբ՝ COVID-19-ի դեմ պատվաստումը հանրայնացնելու նպատակով։ Թեկուզեւ մեկ պատվաստում ստացած մարդիկ ինքնըստինքյան հայտնվում են մասնակիցների ցուցակում։ Հաղթողներին կհայտարարեն ամեն չորեքշաբթի, մինչեւ հունիսի 23-ը։ Ընդհանուր առմամբ,  մրցանակներ կստանա տասը մարդ՝ հինգ մեծահասակ եւ հինգ պատանի։ Նման վիճակախաղեր անցկացվում են նաեւ Նյու Յորք եւ Մերիլենդ նահանգներում։ Իսկ Նյու Ջերսի եւ Քոնեկտիկուտ նահանգներում իշխանությունները գործարքներ են կնքել բարերի եւ գարեջրատների հետ. պատվաստում ստացած յուրաքանչյուր բնակիչ ձրի ըմպելիքի իրավունք է ստանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում