Ակնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Ակնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր՝ վերջերս արած հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը կկորցնի ունեցվածքը:

«Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը, ես տեսա, որ ամենատարբեր մեկնաբանություններ կան: Եթե զգացել եք, իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, ես չեմ ասում՝ ես խոստանում եմ, ես ասում եմ՝ վախենում եմ, որ այդպես կլինի:

Ինչո՞ւ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, նաև Հայաստանից դուրս գտնվող շրջանակների, որոնք որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի, ակնհայտ է, որ իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է: Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- նշել է նա:

Արձագանքելով հարցին, թե Կարապետյանը ինչ խոստումներ է տվել, վարչապետն ասել է, թե ինքն ուրիշների խոստումները հանրությանը ներկայացնող սուբյեկտը չէ, դրա համար կան սուբյեկտներ, որ կարող են պարզաբանել՝ ում ինչ են խոստացել, ում առաջ ինչ են պարտավորվել, ում ինչ են հավաստիացրել և այլն:

«Դա մեզ հետ կապ չունի»,- եզրափակել է հարցը ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք՝ մարտի 8-ին իր եթերներից մեկում ՀՀ վարչապետը նշել էր, թե վախենում է Սամվել Կարապետյանի համար, որ նա կարող է կորցնել ամբողջ ունեցվածքը:

«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ՝ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»,- ասել էր վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում