«Ապահովագրված քաղաքացիները տարին մեկ անգամ կանցնեն պարտադիր հետազոտություն»․ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է՝ ապահովագրված անձը ինչպե՞ս է օգտվելու ապահովագրությունից։
«Նախ, տարբերակենք երկու առանձին դեպք։ Առաջինը, դա հրատապ, անհետաձգելի, շտապ օգնության կարիքն է, որի մասին հետո կխոսեմ։ Հիմա գանք այն դեպքերին, երբ մարդը ունի որոշակի գանգատներ։ Ինչպե՞ս պետք է նա սկսի իր ուղին առողջապահական համակարգում։ Ֆիքսում ենք մի բան, որ առաջին նրա կոնտակտը ամբուլատորիան և պոլիկլինիկան են։ Պետք է դիմել ընտանեկան բժշկին, թերապևտին կամ մանկաբույժին։ Առաջին այս էտապից հետո, եթե ընտանեկան բժիշկը, թերապևտը, մանկաբույժը կարիքը և ցուցումը տեսավ, արդեն ուղղորդելու է հետագա բուժօգնությանը։ Եթե կարիք լինի անցնելու հավելյալ հետազոտություններ, կամ կարիք լինի ուղեգրվելու հիվանդանոցային բուժօգնություն ստանալու, այս օղակը՝ առաջնային օղակը, ուղեգրումների միջոցով արդեն կուղղորդի հաջորդիվ բժշկական ծառայություններ ստանալու»,-նշեց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ համակարգում ներառված քաղաքացիները ապահովագրության շրջանակում հնարավորություն, այնուհետև նաև պարտավորություն են ունենալու տարին մեկ անգամ անցնելու պարտադիր հետազոտություն և օգտվելու սքրինինգային ծրագրերից։
«Այս դեպքում դուք կստանաք հաղորդագրություն, կգրանցվեք պոլիկլինիկայում, ամբուլատորիայում և կանցնեք ձեր տարեկան այս անհրաժեշտ կանխարգելիչ բուժծառայությունները»,-ասաց նա։


Կարծիքներ