Գլազգոյում էկոակտիվիստների լայնածավալ ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 20 մարդու

Գլազգոյում էկոակտիվիստների լայնածավալ ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 20 մարդու

Բրիտանական ոստիկանությունը 21 ձերբակալություն է իրականացրել Գլազգոյում լայնածավալ բողոքի ցույցի ժամանակ, որը համընկել է Շոտլանդիայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP26) Կողմերի 26-րդ համաժողովի հետ։ Իրավապահ մարմինները շաբաթօրյա երթի մասնակիցների թվի մասին գնահատականներ չեն տալիս, մինչդեռ կազմակերպիչները նշում են, որ քաղաքի կենտրոնում մոտ 100 հազար մարդ է հավաքվել։

Գլազգոյի փոխոստիկանապետ Գարի Ռիչին ասել է, որ ցուցարարները խաղաղ են եղել, սակայն իրավապահները ստիպված են եղել ձերբակալել Scientist Rebellion-ի անդամներին, ովքեր շաբաթ առավոտյան արգելափակել են երթևեկությունը քաղաքի կենտրոնում գտնվող Ջորջ V կամրջի վրա՝ շղթայելով իրենց մետաղական ցանկապատերին: Նրանք հետագայում գրավի դիմաց ազատ են արձակվել։ Ոստիկանության աշխատակիցները երթի մնացած մասից առանձնացրել են նաև մի խումբ ակտիվիստների, ովքեր սկսել են օգտագործել պիրոտեխնիկա, սակայն նրանց չեն բերման ենթարկել։

Ցուցարարները համաժողովի պատվիրակների և դրան մասնակցող մոտ 200 երկրների ղեկավարների ակտիվ գործողությունների կոչ են արել։ 18-ամյա շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով պետք է ելույթ ունենար քաղաքի կենտրոնում հավաքվածների առջեւ, չեղյալ հայտարարեց իր ելույթը, որպեսզի լրատվամիջոցների ուշադրությունը գրավեն այն երկրների խոսնակները, որտեղ բնապահպանական խնդիրները առավել սուր են: Թունբերգը Twitter-ի իր էջում գրել է, որ համաշխարհային առաջնորդներն ի վիճակի չեն առաջնորդել մարդկանց, մինչդեռ շաբաթ օրը՝ Կլիմայական գործողությունների համաշխարհային օրը, հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ավելի քան 100 երկրներում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում