ԱՄՆ-ը դատապարտում է Հյուսիսային Իրաքի հրթիռակոծությունը

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները դատապարտել է թուրքական հրետանու գնդակոծությունը հյուսիսային Իրաքում գտնվող զբոսաշրջային վայրի վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները դատապարտում է չորեքշաբթի իրաքյան Դահուկ նահանգում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել: Քաղաքացիների սպանությունն անընդունելի է, և բոլոր պետությունները պետք է կատարեն միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ քաղաքացիական անձանց պաշտպանությունը»,- ասել է դիվանագետը։
«Մենք շարունակում ենք խստորեն աջակցել Իրաքի ինքնիշխանությանը, անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը, ներառյալ Իրաքյան Քրդստանը», - եզրափակել է Փրայսը:
Չորեքշաբթի օրը SHAFAQ News իրաքյան լրատվական պորտալը հայտնել է, որ թուրքական հրետանու կողմից Դահուկ նահանգում զբոսաշրջային վայրի գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, վիրավորվել՝ 22-ը։ Հանրապետության իրավապահ մարմինների մամուլի ծառայությունը հայտնել է ութ մարդու մահվան և 23 վիրավորի մասին։
Իրաքի մի շարք նահանգներում տեղի ունեցածի ֆոնին բողոքի ցույցեր են անցկացվել։ Բաղդադի կենտրոնում տասնյակ մարդիկ ցույց են կազմակերպել Թուրքիայի դեսպանատան և վիզա ստանալու կենտրոնի դիմաց։ SHAFAQ News-ի փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջել են փակել դիվանագիտական ներկայացուցչությունը։ Հարավային Մութաննա և Դհի Քար նահանգներում ցուցարարները կոչ են արել արգելել թուրքական ապրանքները։ Իրաքի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Անկարայից հետ կանչել գործերի ժամանակավոր հավատարմագրին խորհրդակցությունների համար։ Բացի այդ, խորհուրդը հանձնարարել է Իրաքի ԱԳՆ-ին պատրաստել Թուրքիայի կողմից Արաբական Հանրապետության ինքնիշխանության խախտումների վերաբերյալ դոսյե և բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչպես նաև կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին և բողոքել նրան։
Կարծիքներ