ԱԺ նախագահին քծնող վանահայրը որոշել է ընդդիմադիր ձեւանալ

ԱԺ նախագահին քծնող վանահայրը որոշել  է ընդդիմադիր ձեւանալ

Օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սյունիք էր այցելել, եղել նաև Տաթևի վանքում, որտեղ արված լուսանկարներում նրա կողքին էին Հայր Միքայելն ու Արցախի Գանձասարի վանահայր Հայր Սահակը։ Այդ լուսանկարներից երևում է, որ վերջիններս ջերմ ընդունելության են արժանացրել ԱԺ նախագահին, որն առանձնապես դուր չի եկել ընդդիմությանն ու նրանց խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներին։

Aysor.am-ն անմիջապես կապ է հաստատել Տաթևի վանական համալիրի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հետ՝ իբրև պարզելու, թե ինչպես է կայացել հանդիպումը։ Տեր Սահակը հայտնել է, թե դա պատահական է եղել․ «Քայլել ենք, ո՛չ աղոթք եմ արել, ո՛չ օրհնել եմ, ո՛չ խոսել։ Այգուց էի գալիս, մեկ էլ տեսա Ալեն Սիմոնյանն իջնում է, մինչև այդ՝ մարզպետի հետ էի խոսում, Տաթևի համայնքապետ Լալայան Սամվելի հետ էի խոսում։ Երբ Ալեն Սիմոնյանին տեսա, բարևեցի, անցա-գնացի։»։ Ըստ նույն լրատվամիջոցի՝ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը նշել է, թե ՔՊ-ականների հետ խոսելու ոչինչ չունի։ Պարզվում է, սակայն, իրականությունն այլ է։

Freenews-ի աղբյուրները հայտնում են, որ Տաթևի վանքում նախատեսված է եղել հանդիպում միայն Հայր Միքայելի հետ։ Իսկ Տեր Սահակի ներկայությունը նրա իսկ նախաձեռնությամբ է եղել։ Գանձասարի վանահայրը, Ալեն Սիմոնյանին տեսնելուն պես, արագ մոտեցել է, ջերմ բարևել, զրույցի բռնվել, հաճոյախոսել, նրա հետևից աջ ու ձախ գնալով, ներկայացրել Տաթևի վանքում կատարվող աշխատանքները։ Անգամ ԱԺ նախագահի խորհրդականի հեռախոսահամարն է խնդրել՝ հետագայում իրեն խնդիրներով դիմելու համար կապի միջոց ունենալու նպատակով: Թե ինչու է ԱԺ նախագահի նկատմամբ երբեմնի բարեհաճությամբ աչքի ընկած վանահայրը որոշել ընդդիմադիր լրատվամիջոցի հետ զրույցում իրադարձությունները ներկայացնել այլ դիտանկյունից, հայտնի է միայն նրան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում