ՌԴ-ն ակնհայտորեն սխալ է հասկացել ՀՀ-ում ԵՄ առաքելության նպատակը, և ամենակարևորը, դա Ռուսաստանի գործը չէ․ Փիթեր Ստանո

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է դառնա ԵՄ-ի և Ռուսաստանի միջև մրցակցության «պատանդ»։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Փիթեր Ստանոն՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը՝ կապված Հայաստանում տարածաշրջանի կարգավորման նպատակով նոր երկամյա եվրոպական առաքելության մեկնարկի հետ։
Ըստ Փիթեր Ստանոյի, ԵՄ-ն կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը սխալվում է՝ համարելով, որ ԵՄ-ի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում ուղղված է Ռուսաստանի դեմ։
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը մեր ընդհանուր հարևան տարածաշրջանում: Ամենակարևորը, դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը գործարկվել Հայաստանի խնդրանքով և ազատ որոշմամբ: ԵՄ-ն, իհարկե, կապի մեջ էր նաև Ադրբեջանի իշխանությունների հետ այս հարցով»,- պարզաբանել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչը։
«Այս առաքելությունը քաղաքացիական է և կծառայի որպես առանցքային տարր՝ աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք արվում են ԵՄ-ի կողմից: Եվրամիությունը ստանձնեց այդ դերը երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը։ .
Նա նշել է, որ «առաքելության նպատակը, մասնավորապես, տեղում բնակչության անվտանգության ու վստահության ամրապնդումն է: Բոլոր մյուս լուրերն ու շահարկումները, որոնք այս օրերին շրջանառվում են սոցիալական ցանցերում, լիովին անհիմն են»:
Երեկ՝ հունվարի 26-ին, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ու նշել, թե ԵՄ փորձագետների՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների դիտարկումը հավելյալ արժեք չունի, քանի որ, եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Հարավային Կովկասում խաղաղությամբ, ապա առաքելության պայմանները կհամաձայնեցներ նաև Ադրբեջանի հետ:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն կստեղծվի՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում:
Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարի, և նրա գործառնական շտաբը կլինի Հայաստանում:
ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։
Կարծիքներ