Իլոն Մասկը SpaceX-ի աշխատակիցներին հայտնել է սնանկության վտանգի մասին

SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր և սեփականատեր Իլոն Մասկը, որը դժգոհ է Raptor հրթիռային շարժիչների մշակման թույլ առաջընթացից, իր աշխատակիցներին հայտնել է, որ իրենց արտադրության մեջ ճգնաժամը «սնանկության ռիսկ» է ստեղծում, հաղորդում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային հաղորդագրությունը:
Raptor-ը փակ ցիկլի հեղուկ հրթիռային շարժիչ է, որն աշխատում է հեղուկ մեթանով և թթվածնով, Մասկը հույս ունի այն կիրառել Starship տիեզերանավի վրա:
«Մենք կբախվենք սնանկության իրական ռիսկի, եթե հաջորդ տարի չկարողանանք հասնել Starship-ի թռիչքի հաճախականությանը գոնե երկու շաբաթը մեկ»,- հայտարարել է Մասկն իր նամակում:
Գործարարը նաև պատմել է, որ պլանավորում էր երկար արձակուրդ գնալ Գոհաբանության օրվանից հետո (ԱՄՆ-ում նշվում էր նոյեմբերի 25-ին), բայց իմանալով շարժիչների հետ կապված իրավիճակի մասին՝ որոշել է անձամբ աշխատել արտադրության վրա ուրբաթ և հանգստյան օրերին:
«Ավելորդ ձեռքերը չեն խանգարի, որպեսզի դուրս գանք, անկեղծ ասած, աղետից»,- գրել է Մասկը:
Նոյեմբերի կեսերին Մասկն ասել էր, որ Starship տիեզերանավի նախատիպի ուղեծրային արձակումը կարող է տեղի ունենալ 2022 թվականի հունվարին կամ փետրվարին: Հետագայում SpaceX-ը նախատեսում է կատարել Starship-ի բազմաթիվ արձակումներ:
SpaceX-ը մշակում է տրանսպորտային համակարգ, որը բաղկացած է ամբողջովին նոր Super Heavy կրող հրթիռներից և Starship տիեզերանավից: Համակարգը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ հասցնել ինչպես մերձերկրային ուղեծրեր, այնպես էլ Լուսին և Մարս:
Կարծիքներ