Վահագն Հովակիմյանը ներկայացրել է իր և Ռուսաստանի դեսպանի հանդիպման մանրամասները
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է իր և Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպմանը, ինչի մասին օրերս հաղորդագրություն էր տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հովակիմյանը թեմային անդրադարձել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք այդ հանդիպումը կապ ունե՞ր Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի այն հայտարարության հետ, որ ակնկալում են, որ ռուսամետ ուժերը կկարողանան մասնակցել Հայաստանում սպասվող ընտրական գործընթացներին։
«Ռուսաստանի դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր ինձ երկու շաբաթ առաջ։ Այսինքն, այս հանդիպման խնդրանքը եղել է ավելի շուտ, քան այն քաղաքական իրադարձությունը, որի հետ փորձում եք կապել հանդիպումը։ Նա եկել էր ծանոթանալու նախապատրաստական աշխատանքներին։ Նաև քննարկել ենք Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Հայաստան հնարավոր այցի նախապատրաստման հարցը»,- ասել է ՀՀ ԿԸՀ նախագահը։
Հարցին, թե ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն արդյոք անդրադարձ չի եղել ՌԴ նախագահի հայտարարությանը՝ Հայաստանում կայանալիք ընտրություններին ռուսամետ ուժերի մասնակցության ապահովման ակնկալիքի վերաբերյալ, Հովակիմյանը պատասխանել է. «Հարգելի գործընկերներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապաքաղաքական կառույց է։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ դեսպանները, միջազգային կառույցների մեր գործընկերները, երբ գալիս են, հարգում են մեր օրենսդրությունը։ Նրանք շատ լավ գիտեն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապաքաղաքական, չեզոք կառույց է, ուստի նրանք չեն խոսում բաների մասին, որոնք մեր մանդատից դուրս են»։
Հովակիմյանն ընդգծել է, որ անցած օրերին նաև այլ երկրների դեսպանների հետ էլ է հանդիպումներ ունեցել, մասնավորապես Լիտվայի, էստոնիայի, Ղազախստանի դեսպանների հետ, հանդիպում է եղել նաև Բելգիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ։


Կարծիքներ