Հայաստանում հուլիսի 7-ին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 5 հազար քաղաքացի

Հուլիսի 7-ին Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսի դեմ ռեկորդային թվով պատվաստում. ընդհանուր առմամբ մեկ օրում պատվաստվել է 5 հազարից ավելի քաղաքացի: Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Երեկ ունեցել ենք 186 գրանցված նոր դրական դեպք։ Իհարկե, նաև իրականացրել ենք ավելի մեծ թվով թեստավորում՝ 5093 թեստավորում։ Նկատում ենք թվերի և վերարտադրության ցուցանիշի աճ, ինչը մեզ ևս մեկ անգամ կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք պատվաստումների գործընթացն արագացնելու վրա»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ այսօրվա դրությամբ արդեն 97 հազար 711 պատվաստում է իրականացվել, միայն երեկ գրանցվել է 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է։ «Եվ մենք այս աճի տեմպը պետք է պահպանենք։ Եթե երկու-երեք շաբաթ առաջ մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն նկատելի է աճի տեմպը։ Եվ այս տեմպը շարունակելով՝ մենք պետք է պատվաստումային ցուցանիշների առումով հստակ մեր ճիշտ դիրքն ունենանք տարածաշրջանում»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վստահության մեծացում կա։ Հանրապետությունում առկա երեք տեսակի պատվաստանյութերն էլ բաց են բոլոր քաղաքացիների համար, մարդիկ կարող են ընտրել, թե որ պատվաստանյութով են ուզում պատվաստվել։ Աշխատանքներ են տարվում այլ պատվաստանյութեր Հայաստան ներկրելու համար։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ գրանցվել է մեկօրյա պատվաստման ռեկորդային ցուցանիշ, ինչը կարևոր է։ «Ուզում եմ ասել, որ երբ մենք առաջին անգամ խորհրդակցություն ենք արել այս թեմայով, ասել ենք, որ նպատակ ունենք հասնել օրը 3000 ցուցանիշի։ Բայց այդ 3000-ը շատ արագ հասանք, հիմա 5000-ը հատել ենք։ Եվ ուզում եմ պայմանավորվենք, որ այս ցուցանիշը չպետք է նվազի, առնվազն նույն մակարդակով պետք է մնա»,- հավելեց նա։
Փաշինյանի խոսքով՝ նկատելի է, որ աշխարհում պատվաստումների հետ կապված վստահությունը մեծանում է։ «Մենք 97 711 պատվաստման դեպքից չունենք որևէ այնպիսի բարդություն, որը կարող էր դառնալ քննարկման առարկա։ Այսինքն՝ 97 711 պատվաստման դեպքերից չունենք ոչ մի մահվան դեպք, բայց 97 711 կորոնավիրուսի դեպքից ունենք մինիմում 2000 մահվան դեպք։ Այսինքն՝ սա շատ կարևոր արձանագրում է»,- նշեց նա։
Կարծիքներ