Դատարանը երկարաձգեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալի կալանքը

Դատարանը 3 ամսով երկարաձգեց Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը, հայտնում է «Ազատություն»-ը։
Ըստ պաշտոնական վարկածի՝ հենց նա էր փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով ծագած հրդեհից անցած տարեսկզբին 15 զինծառայող զոհվեց։
Այսօրվա դատական նիստը լարված է սկսվել. դատարան չի ներկայացել տուժող Գարուշ Սարգսյանը:
Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտարարել է, որ Սարգսյանն անհարգելի պատճառով չի ներկայացել նիստին։ Դատարանը որոշել է նրան հարկադրաբար դատարան բերել՝ դրա մասին վերջինիս ծանուցելով:
Հիշեցնենք՝ Ազատ գյուղի կացարանում հրդեհը տեղի էր ունեցել 2022-ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում։ Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել էր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի մի մասը, ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը: Այնուհետև պարզ դարձավ, որ, ըստ պաշտոնական տվյալների, կացարանում հրդեհը բռնկվել է կապիտանի կողմից բենզինը վառարանը լցնելու հետևանքով։
ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Հրդեհի գործով կալանավորվել է մեղադրյալ կապիտանը:
15 զոհված զինծառայողների գործով թմրաբանական փորձաքննություն էր նշանակվել, միայն մեկի մոտ հայտնաբերվել էին որոշակի հետքեր։
Կարծիքներ