Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում բջջային հավելվածով երթևեկության կանոնների խախտման մասին հաղորդում տալու կարգը

Ընդամենը մի քանի օրից՝ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում բջջային հավելվածի միջոցով երթևեկության կանոնների խախտման մասին հաղորդում տալու կարգը։ Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից ճանապարհային երթևեկությունը խախտող վարորդներին քաղաքացիները կարող են նկարահանել ու ներկայացնել իրավապահներին:
Արդյոունքում ստացվում է, որ մեր հանրապետությունում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կարող են արձանագրել ոչ միայն տեսախցիկները, այլեւ ցանկացած անձ, ով ունի տեսանկարահանող ու լուսանկարահանող որեւէ սարքավորում։
Հուլիսի 1-ից քաղաքացին, տեսնելով ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտում, կարող է այն տեսանկարահանել և հատուկ հավելվածի միջոցով ուղարկել ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ՃՈ-ն վարչական պատասխանատվության է ենթարկում խախտում կատարողին: Ընդ որում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է գրանցվել այդ հավելվածում, եթե տեսնի իրավախախտում, կարող է ուղիղ կապով այդ խախտումը փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութը ուղարկվելու է համապատասխան սերվերին, և ոստիկանության աշխատակիցները, ուսումնասիրելով տեսանյութը, կկազմեն վարչական ակտ:
Սակայն խախտումն արձանագրված տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։
Կարծիքներ