Պատերազմը սկսելուց հետո որեւէ պատգամավոր պարգևավճար չի ստացել ու չպիտի էլ ստանա. Վահագն Թեւոսյան

Պատերազմը սկսելուց հետո որեւէ պատգամավոր պարգևավճար չի ստացել ու չպիտի էլ ստանա. Վահագն Թեւոսյան

Պատերազմը սկսելուց հետո պարգևավճար չենք ստացել ու չպիտի էլ ստանանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի մանիպուլյացիաներին, թե իբր այս իրավիճակում պատգամավորները պարգեւավճար են ստացել:

Պատգամավորի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Մի կայք էլի պարգևավճարների թեմա բարձրացրեց էս նեղ մաջալին: Ու փորձել է ընթերցողին միտք հասցնել, թե պատգամավորները ռազմական դրության ժամանակ պարգևավճարներից չեն հրաժարվում:

Պատերազմը սկսելուց հետո պարգևավճար չենք ստացել ու չպիտի էլ ստանանք, բնականաբար: Դա անհնար է, դա անպատկերացնելի է:

Նայեցի հաշիվս. մինչև պատերազմ ստացածս գումարները պատերազմի ժամանակ գրեթե հարյուր տոկոսով՝ վարկային ու կոմունալ պարտավորությունները կատարելուց հետո, ծախսվել են պատերազմական կարիքների համար՝ հիմնադրամ կամ այլ համարժեք ծախսեր (օգնություն ճակատին կամ Հայաստան տեղափոխված մեր արցախցի եղբայրների ընտանիքներին):

Վստահ եմ՝ բոլոր գործընկերներս էլ են նույն կերպ վարվել: Գործընկերներ ունեմ, որոնք իրենց ընտանեկան բիզնեսի ամբողջ հասույթն են փոխանցել՝ միլիոնավոր դրամներ:

Չեմ իջնի էդ մակարդակի, որ հատ-հատ ապացույցներ ներկայացնեմ, որովհետև իմացողը գիտի, մնացածի մասով էլ վստահ եմ՝ ունակ չեն մեզ դեմոնիզացնելու էդ աստիճան, որքան էլ ինֆոբիզնեսը փորձի դա կազմակերպել:

Խնդրում եմ՝ հատուկ է, թե ակամա, մի արեք էդ պառակտիչ քայլերը, ընթերցողներին էլ՝ մի տրվեք էդ մանիպուլյացիաներին: Բոլորս որդիներ, եղբայրներ, հայրեր ունենք ճակատում, բոլորս ունենք մարդկային կորուստներ... ու ցավն էլ, նվիրումն էլ բոլորինս է: Այս մասին հիմա էսքան գրելն է նույնիսկ տհաճ»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում