ԱՄՆ-ը Ֆրանսիայից կստանա Ազատության ևս մեկ արձան

ԱՄՆ-ը Ֆրանսիայից կստանա Ազատության ևս մեկ արձան

Ֆրանսիան ԱՄՆ կուղարկի Ազատության նոր արձան՝ որպես ժեստ ցուցադրելու երկու երկրների պատմական կապերը: Այդ մասին երկուշաբթի՝ մայիսի 31-ին, հայտնում է Politico- ն:

Նշվում է, որ արձանը կուղարկվի հունիսի 7-ին, իսկ Նյու Յորք կհասնի հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը: Այն զգալիորեն ցածր կլինի առաջին արձանից՝ ընդամենը 2.83 մետր բարձրությամբ:

Ինչպես հայտնի է, Նյու Յորքի Ազատության արձանը ևս Ֆրանսիայի նվերն է ԱՄՆ անկախության առաջին հարյուրամյակի առթիվ։

«Մենք ցանկանում էինք վերականգնել կապը ֆրանկոամերիկյան այս պատմության հետ», – ասել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթյենը՝ ավելացնելով, որ Ազատության արձանը «ազատության կրկնակի խորհրդանիշն է»:

Ազատության նոր արձանի գաղափարը ծագել է 2019-ի հուլիսին: Այն նպատակ ունի ցույց տալու Միացյալ Նահանգներին, որ «Ֆրանսիան հավատարիմ է մնացել բարեկամության ոգուն» երկու երկրների միջև իրենց ընդհանուր պատմության ընթացքում: Ֆրանսիան անկախության համար Անգլիայի դեմ պատերազմում սատարել է ապագա Միացյալ Նահանգներին:

Նախագիծը հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով և վերսկսվել ձմռանը:

Նոր հուշարձանը կտեղադրվի Վաշինգտոնում՝ Ֆրանսիայի դեսպանի նստավայրի պարտեզում: Այնտեղ այն կմնա 10 տարի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում