Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարները խոսել են խաղաղության գործընթացի, ներդրումների և նոր համագործակցության մասին

Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարները խոսել են խաղաղության գործընթացի, ներդրումների և նոր համագործակցության մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարությունից հայտնում են՝ Սրբուհի Գալյանը, ողջունելով նախարար Ամին Հոսեյն Ռահիմիին, շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար, բարձր գնահատելով ՀՀ և ԻԻՀ միջև մինչ այժմ իրականացված արդյունավետ համագործակցությունը։ Ամին Հոսեյն Ռահիմին շնորհալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ իր կողմից բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի արդեն իսկ առկա իրավապայմանագրային դաշտը լինի գործող և իրականացվի երկկողմ պայմանավորվածությամբ սահմանված անելիքները: 

 

ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին ընդգծել է երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացման կարևորությունը։

 

Հանդիպման շրջանակում  կողմերը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում առկա երկկողմ համագործակցության ընթացքում առաջացող խնդիրներին և դրանց լուծմանը, ինչպես նաև ՀՀ-ում պատիժը կրող դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր:

 

Անդրադարձ է կատարվել Պրոբացիայի շահառու հանդիսացող ԻԻՀ քաղաքացիներին առնչվող հարցերին ու առկա խնդիրներին: 

 

 

Արդարադատության ոլորտից զատ նախարարներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին և իրանցի գործարարների կողմից ներդրումային ոլորտին ու հիմնական  խնդիրներին: Նախարարն անդրադարձել է նաև սնանկության ոլորտին և նշել է, որ  ներկայում աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտի կարգավորման ուղղությամբ: 

 

ԻԻՀ արդարադատության նախարարը նշել է, որ աջակցում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող խաղաղության գործընթացին: 

 

Նախարարները ստորագրել են նաև «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցության խորացմանը։

 

Հանդիպման ավարտին Սրբուհի Գալյանը պաշտոնական հրավեր է ստացել ԻԻՀ Ամին Հոսեյն Ռահիմիից՝ այցելելու Թեհրան:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում