ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակման շուրջ:

Նա կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժըհիշյալ ճանապարհով:

«Գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացումներին: Նա կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը` համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

Գլխավոր քարտուղարը հաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման պահպանվող ջանքերին:

Արդեն երեք օր է՝ Ադրբեջանի իշխանությունները կեղծ բնապահպանական ցույցերի անվան տակ քաղաքացիական հագուստով մեծաթիվ մարդկանցով փակ են պահում Արցախն աշխարհին կապող միակ ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Բնապահպան ներկայացող անձինք նստացույց են հայտարարել, վրաններ տեղադրել՝ թույլ չտալով մարդկանց հասնել իրենց բնակավայրեր: Նրանց թիվը գնալով ավելանում է, քանի որ Բաքուն քաղաքացիներ է տեղափոխում ավտոբուսներով:

3 օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է 120 հազար մարդ, ընդ որում՝ 30 հազար երեխա: Մի քանի հազար մարդ չի կարողանում հասնել տուն, նրանք ժամանակավոր տեղավորվել են Գորիսի և մոտակա համայնքների կացարաններում:

Ադրբեջանցիները խափանել են նաև Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով, երեկվանից Արցախի ամբողջ տարածքում անցել են խնայողական ռեժիմի:

Հնարավոր չէ կազմակերպել մի շարք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևանի բուժհաստատություններ, Ստեփանակերտ չեն տեղափոխվում դեղորայք, սնունդ: Ու թեև նշվածի պաշարներ դեռևս կան Արցախում, սակայն դրանք կարող են բավարարել կարճ ժամանակ միայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում