Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի 100-ամյա բնակիչ, երկարամյա մանկավարժ Աստղիկ Բաբայանին համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հրամանով շնորհվել է համայնքապետի անվանական հուշամեդալ` մատաղ սերնդի կրթության, դաստիարակության, մասնագիտական երկարամյա գործունեության և նվիրումի համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հոբելյարին այցելել ու հուշամեդալը հանձնել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։
Աստղիկ Ղևոնդի Բաբայանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 13-ին, ՀԽՍՀ Ղափան քաղաքում, աշխատավորի ընտանիքում: Ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը: 1943 թվականին հյուրընկալել է քրոջը՝ Մանուշին, ով բնակվում էր Նոր Բայազետում: 1944 թվականին Աստղիկ Բաբայանն աշխատել է Նոր Բայազետի ԶԱԳՍ-ի վարիչ: Նույն տարում ամուսնացել է Նոր Բայազետի բնակիչ, ժողդատավոր Միհրան Հայրապետի Թորգոմյանի հետ:
Աստղիկ Բաբայանը 1953 թվականից աշխատել է Նոր Բայազետի մանկապարտեզի վարիչ, շուրջ 35 տարի զբաղվել մատաղ սերնդի կրթությամբ ու դաստիարակությամբ։ Այնուհետ դասավանդել է քաղաքի գիշերօթիկ դպրոցում: Արժանացել է «Աշխատանքի վետերան» կոչմանը, բազմաթիվ խրախուսանքների: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թիկունքում ցուցաբերած ծառայությունների համար խրախուսվել է շքանշաններով ու պատվոգրերով:
Աստղիկ Բաբայանն ունի 4 զավակ, 10 թոռ, 13 ծոռ և 3 կոռ:
«Աստղիկ և Միհրան Թորգոմյանները մեր քաղաքում և հանրապետությունում վայելել են մեծ ժողովրդականություն: Աստղիկ տատը բազմաթիվ սերունդներ է դաստիարակել ու կյանք ճանապարհել, աշխատել ամենայն նվիրումով, իսկ թոշակի անցնելուց մինչ օրս վայելում է իր ընտանիքի անդամների, հարազատների սերն ու հարգանքը, ուշադրությունն ու հոգատարությունը։ Մենք մեր երախտագիտությունը Աստղիկ տատին հայտնել ենք ոչ միայն հուշամեդալի շնորհմամբ, այլ նաև շնորհավորանքների ամենաջերմ խոսքերով»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։
Կարծիքներ