Մեր խնդիրն է ի ցույց դնել Հայաստանի ունեցած առավելությունները և որևէ միջադեպի պատճառով չստվերել այն. Հակոբ Արշակյան

Մեր խնդիրն է ի ցույց դնել Հայաստանի ունեցած առավելությունները և որևէ միջադեպի պատճառով չստվերել այն. Հակոբ Արշակյան

Հայաստան տեղափոխված բազմահազար օտարերկրացիների համար կարիք կա հայոց լեզվի ուսուցման որակյալ և մատչելի դասընթացների (այս մասին մատնանշում են հենց Հայաստան տեղափոխված ընկերությունների ղեկավարները): Միևնույն ժամանակ միջանկյալ լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ օտարերկրացի երեխաների ուսուցման կազմակերպումը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով օրերս Երևանի բարերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իր կողմից ավելի վաղ արված գրառման արձագանքներին:

«Հետաքրքրությամբ կարդացի երեկվա իմ նկարի տակ արված բոլոր մեկնաբանությունները և ցանկանում եմ արձագանքել․

1. Հայաստանի հանրապետության օրենքները պետք է պահվեն առանց բացառության. սա քննարկման ենթակա չէ։ Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիները նման խնամքով են վերաբերվում օրենքներին և դրանց նկատմամբ իրականացնում են քաղաքացիական վերահսկողություն։ Համոզված եմ, որ վերահսկողական մարմինները նույնպես աչալուրջ են այս հարցում։

2․ Հայաստանում ստեղծված իրավիճակը իր բնույթով յուրահատուկ է։ Բազմահազար օտարերկրացիների ներհոսքը հավելյալ քայլերի կարիք է առաջացնում՝ համապատասխան նոր գործիքակազմ և միջավայր ստեղծելու տեսանկյունից։ Որպես օրինակ կարող եմ մատնանշել, որ Հայաստան տեղափոխված բազմահազար օտարերկրացիների համար կարիք կա հայոց լեզվի ուսուցման որակյալ և մատչելի դասընթացների(այս մասին մատնանշում են հենց Հայաստան տեղափոխված ընկերությունների ղեկավարները), միևնույն ժամանակ միջանկյալ լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ օտարերկրացի երեխաների ուսուցման կազմակերպումը։

3. Նախորդ գրառման մեջ կարևորել եմ հատկապես ծառայություն մատուցող մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքը։ Շատ կարևոր է, որ Հայաստանը օտարերկրացիների համար դառնում է ապրելու և աշխատելու նախընտրելի երկիր։ Սա խոսում է մեր հասարակության հյուրասիրության, հանդուրժողականության, ծառայությունների հասանելիության, ինչպես նաև պետական քաղաքականության արդյունավետության մասին։

Մեր խնդիրն է ի ցույց դնել Հայաստանի ունեցած առավելությունները և որևէ միջադեպի պատճառով չստվերել վերոնշյալը, իսկ օրենքի գերակայության հաստատման տեսանկյունից անշուշտ քայլեր կան ձեռնարկելու, և համապատասխան մարմինները հետևողականորեն պետք է զբաղվեն բարձրաձայնված խնդիրներով»,- գրել է Արշակյանը։

Հիշեցնենք՝ համացանցում սիրողական տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևանյան բարերից մեկում հաճախորդը բարմենուհուց խիստ ռուսական ակցենտով պահանջում էր հայերեն մենյու, իսկ երիտասարդ բարմենուհին չէր կարողանում կատարել պահանջը, քանի որ խոսում էր ռուսերեն, և ենթադրաբար վերջերս է տեղափոխվել Հայաստան՝ ապրելու, աշխատելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում