Ադրբեջանի խոսույթ մտած ծավալապաշտական տերմինը վկայում է ՀՀ-ի դեմ ագրեսիան շարունակելու ակնհայտ մտադրություն․ Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ 2023 թվականի ձմեռային նստաշրջանի նիստում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջին զարգացումները:
Ռուբինյանը ներկա գործընկերներին հիշեցրել է, որ վերջին նիստի ընթացքում քննարկում են անցկացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո, երբ օկուպացվեց ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը և Հայաստանի տարածքի խորքում ռմբակոծվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները։
Ռուբինյանը հիշեցրել է, որ դեռ այդ ժամանակ քննարկման ընթացքում բանախոսների մեծ մասը Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Անցել են ամիսներ, Ադրբեջանը, սակայն, նման քայլի չի գնացել։
«Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հպարտությամբ հայտարարեց, թե Ադրբեջանն այժմ ունի ավելի լավ դիրքեր, որոնք անհրաժեշտ կլինեն ապագայում Հայաստանի օբյեկտներին հարվածելու համար: Բայց սա ամենասարսափելին չէ, որ պարոն Ալիևն ասել է այդ ռևիզիոնիստական և ռազմատենչ հայտարարության մեջ: Նա նշել է, որ Հայաստանի կեսը պատմական Ադրբեջանի մաս է, ներառյալ՝ մայրաքաղաք Երևանը: Նա Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»։
Այս ռևիզիոնիստական և ծավալապաշտական տերմինը մտել է Ադրբեջանի պաշտոնական խոսույթ, և դա վկայում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիան շարունակելու ակնհայտ մտադրության մասին։ Սա չպետք է ընդունելի լինի։
Հարգելի՛ գործընկերներ, դուք ավելի լավ, քան որևէ մեկը գիտեք, որ պատերազմները, ագրեսիաները սկսվում են բառերից։ Եվ դուք հեշտությամբ կարող եք տարբերել այն բառերը, որոնք կարող են հանգեցնել ագրեսիայի, դրա սանձազերծման»,-ասել է Ռուբինյանը
Ըստ բանախոսի, ժամանակն է, որ դադարեն խոսել Ադրբեջանի ագրեսիվ պետության մասին, անհրաժեշտ է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ բանաձև, այն պետության, որի նախագահը բացահայտ խոսում է ժողովրդավարական հարևանի դեմ ագրեսիա սկսելու իր ծրագրերի մասին։
«Դա պետք է անընդունելի լինի մեր կազմակերպության, Եվրոպայի համար։ Ես ապավինում եմ ձեր աջակցությանը»,- շեշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավարը:
Կարծիքներ