«Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսին. ՔԿ

«Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսին. ՔԿ

2026 թվականի ապրիլի 11-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հյունդայի» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«Համացանցում շրջանառվում է ապատեղեկատվություն՝ իբր տեղի ունեցած վթարը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի մեղավորությամբ է եղել:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, սակայն, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուսին:

Մյուս ապատեղեկատվությունը կապված է ոստիկանության գվարդիայի ավտոբուսի՝ ՀՀ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցելու հետ, որը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված տրանսպորտային միջոցով ուղևորվել են Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում