Եվրախորհրդի ղեկավարը հույս ունի մեկ տարի անց Մինսկում տեսնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահի

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հույս ունի, որ հաջորդ տարի Արևելյան գործընկերության ծրագրի հաջորդ գագաթնաժողովում Բելառուսի ղեկավարի աթոռին կտեսնի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Միշելն ասել է կիրակի օրը Բրյուսելում նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և Բելառուսից դուրս տեղակայված հակակառավարական ուժերի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Միշելի ելույթը տարածել է նրա մամուլի գրասենյակը։
«Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, Բելառուսի առաջնորդի աթոռը դատարկ կմնա: Այնուամենայնիվ, ես հուսով եմ, որ մինչև հաջորդ գագաթնաժողովը Բելառուսի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը կնստի այդ աթոռին»: Միշելն ասել է՝ անտեսելով այն փաստը, որ Մինսկը պաշտոնապես հայտարարել է Եվրոպական Արևելյան գործընկերության ծրագրից դուրս գալու մասին դեռևս 2021 թվականի հունիսին։
Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև հայտարարեց ԵՄ-ի կողմից լրացուցիչ 15 միլիոն եվրո հատկացնելու մասին՝ ի աջակցություն ոչ կառավարական կազմակերպություններին և արտերկրից Բելառուս հեռարձակող ԶԼՄ-ներին: Բացի այդ, նա հիշեցրել է Եվրահանձնաժողովի խոստումը 3 միլիարդ եվրո հատկացնել Մինսկին իշխանության ժողովրդավարական փոխանցումից հետո, որը ձևակերպվել էր անցյալ տարի։
Միշելը ևս մեկ անգամ կրկնել է Մինսկի դեմ ուղղված մեղադրանքների ողջ փաթեթը՝ երկրի ղեկավարությանը մեղադրելով ընդդիմության և լրատվամիջոցների դեմ բռնաճնշումների, ինչպես նաև մարդու իրավունքների այլ խախտումների մեջ։
Կարծիքներ