Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքները սպասված է համարում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը սպասված է համարում:
«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ լավ մասնակցություն ունեցանք: Հնարավորություն կար 61 կգ և 57 կգ քաշային կարգերում նվաճելու ոսկե մեդալներ ևս: Մենք Եվրոպայի այս առաջնությանը մասնակցեցինք 8 կգ քաշային կարգերում, քանի որ Հայաստանի առաջնությունում 86 կգ և 97 կգ քաշային կարգերում մասնակցած մարզիկները կարգով թույլ են միջազգային մրցաշարերում լավ մասնակցության համար»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը:
Հավաքականի մարզիչ Արմեն Մալխասյանի խոսքով՝ մարզչական շտաբն արդեն իսկ վերլուծել է առաջնությունում ունեցած բացթողումները և շեշտեց, որ արդյունքների վրա ազդեցություն ունեցավ թե կորոնավիրուսը, և թե հետպատերազմյան շրջանը: Մարզչի խոսքով՝ Հայաստանի առաջնությունում մասնակցում էր 60 մարզիկ և նրանցից 8 մարզիկով Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ նվաճելը վատ արդյունք չէ:
Եզրափակիչում ադրբեջանցի մարզիկին հաղթած Լյովա Գևորգյանի խոսքով՝ իր համար Եվրոպայի առաջնությունում կարևորագույն խնդիր հաղթելն էր: «Ինձ մոտ հաղթական տրամադրություն էր: Այս հաղթանակը ճանապարհ է դեպի մեծ սպորտ», - ասաց Գևորգյանը:
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում հուլիսի 26-28 կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Հայաստան այդ մրցաշարում մասնակցեց 8 մարզիկով` նվաճելով մեկ ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ:
Երիտասարդական հավաքականը այժմ հանգստի մեջ է, իսկ հաջորդիվ կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը կկայանա օգոստոսի 14-19 ռուսական Ուֆա քաղաքում:
Կարծիքներ