«Աչքի առաջ գողացան որդուս». Սաակաշվիլիի մայրը հայտարարել է, որ նախկին նախագահին բանտից հանել են, ուղղաթիռ նստեցրել ու տարել անհայտ ուղղությամբ

Վրաստանի ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից դուրս են բերել անհայտ ուղղությամբ օդ բարձրացած ուղղաթիռով, հայտնել է պետության Սաակաշվիլիի մայրը` Գիուլի Ալասանիան, գրում է Russia Today-ը:
«Նրանք (բանտի ղեկավարությունը) անտեսել են ամեն ինչ, մեր աչքի առաջ գողացան որդուս և տարան ինչ-որ տեղ... Փաստն այն է, որ նրան զրահամեքենաներով դուրս են հանել, հետո նստեցրել են ուղղաթիռ, բայց չգիտեմ՝ ուր են տարել, տեսնենք»,- ասել է կինը:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սաակաշվիլիին «տարել են Գորի քաղաքի հիվանդանոց»:
Բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեի խոսքով, հացադուլի մեջ գտնվող նախկին նախագահի վիճակն օրեցօր վատանում է։ Միաժամանակ նոյեմբերի 6-ին Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Սաակաշվիլին, հացադուլի մեջ գտնվելով հանդերձ, սնունդ ընդունում։ Նախկին նախագահը հայտարարել էր, որ դա սնունդ չէր, այլ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ միկրոտարրեր:
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:
Կարծիքներ