Ռուսաստանը Լեհաստանից պահանջել է պաշտոնական ներողություն խնդրել դեսպանի միջադեպի հետ կապված

Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին մայիսի 11-ին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ Մոսկվան պաշտոնական ներողություն է ակնկալում լեհական կողմից ՌԴ դեսպանի նկատմամբ Վարշավայում իրականացված հարձակման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում դեսպանին հայտնել են նաև, որ Ռուսաստանը պահանջում է ապահովել իր դեսպանի ու դիվանագիտական կորպուսի մյուս աշխատակիցների անվտանգությունը:
ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ «հետագա քայլերի վերաբերյալ որոշում կկայացվի՝ Վարշավայի արձագանքից ելնելով»: Նախարարությունից հայտարարել են նաև, որ լեհական կողմը կոպտորեն խախտել է դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան՝ չապահովելով ռուս դիվանագետի անձեռնմխելիությունը:
Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման էր ենթարկվել մայիսի 9-ին՝ խորհրդային զինվորների հուշարձանի մոտ: Նրա և ՌԴ դեսպանության մյուս աշխատակիցների վրա նետել են կարմիր նյութով լցված փաթեթներ:
Կարծիքներ