Կա՛մ պետք է գաք Փաշինյանի հետ բանավեճի, կա՛մ լռեք առհավետ, կա՛մ խայտառակ լինեք. Ռուբինյանը՝ 3 նախագահներին
Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 նախկին նախագահներին հրապարակավ առաջարկեց իր հետ չբանավիճել սուռոգատների միջոցով, այսինքն՝ իրենց խմբակցության պատգամավորների, իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների և լրագրողների միջոցով, գալ և բանավիճել կամ լռել առհավետ:
Այս մասին Ազգային ժողովի դեկտեմբերի 2-ի հայտարարությունների ժամին հիշեցրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հրապարակված բանակցային փաստաթղթերին:
Նա հիշեցրել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի պատասխան բանավեճի հրավերի, ասել էր՝ հրապարակեք բանակցային փաստաթղթերը:
«Դե ինչ, սիրելի՛ երեք նախագահներ՝ այսպես կոչված, բանակցային փաստաթղթերը այսօր հրապարակվեցին, և, ըստ էության, դուք կա՛մ պետք է գաք Փաշինյանի հետ բանավեճի, կա՛մ լռեք առհավետ, կա՛մ խայտառակ լինեք, բայց իրականում այդ խայտառակ լինելը բոլոր դեպքերում է լինելու, որովհետև որ գաք, էլի խայտառակ եք լինելու»,- հայտարարել է Ռուբինյանը:


Կարծիքներ