Բա ո՞վ պիտի մեղադրվի, ես պիտի՞ մեղադրվեմ, հողերն ինքն է վաճառել. Վաչագան Ղազարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Բա ո՞վ պիտի մեղադրվի, ես պիտի՞ մեղադրվեմ, հողերն ինքն է վաճառել. Վաչագան Ղազարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

«Ես չեմ թալանել, Վաչագան Ղազարյանը պիտի թալաներ, որ հիմա էլ հետ բերի թալանը»:

Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հատիկ առ հատիկ հետ բերվող թալանից քանի հատիկն է հետ բերել, և իր մոտ քանի հատիկ է մնացել։ 

Ղազարյանը կրկնեց՝ ինքը չի թալանել:

Ճշտող հարցին, թե եթե թալան չի եղել, ինչ հաշտության են գնում դատախազության հետ, ինչն է վերադարձնում և ինչու է վերադարձնում։

Ի պատասխան՝ Վաչագան Ղազարյանն ասել է. «Դա թալան չի, հողերը մենք ձեռք ենք բերել 2021 թվականին, հետո իրենք կանչել են ասել են՝ պիտի վերադարձնեք, վերադարձրել ենք։ Հետո արդեն մենք կապացուցենք։ Վերադարձրինք, որպեսզի... հիմա ասե՞մ, թե՞ հասկացաք։ Վերադարձրինք, որովհետև դա իմը չէր։ Թե ումն էր, դատի ժամանակ կերևա»։ 

Հարցին՝ ինչպես է հայտնվել հենց իր տիրապետության տակ, նա արձագանքել է. «Դե տվել են, հայտնվել է։ Դատի ժամանակ կերևա՝ ով է տվել։ Ես չեմ ասել՝ Սերժ Սարգսյանն է տվել, ես ուրիշ բան եմ ասել: Ես Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել»։

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը քրեական վարույթով մեղադրվում է, Ղազարյանը պատասխանել է. «Բա ո՞վ պիտի մեղադրվի, ես պիտի՞ մեղադրվեմ, հողերն ինքն է վաճառել»։ Ղազարյանը հետո նորից է կրկնել, որ ինքը հող վաճառել չէր կարող, ոչ էլ կարող էր գնել:

Վաչագան Ղազարյանը հավելել է, որ հիմա Սերժ Սարգսյանի հետ չի շփվում, «ստացվել է այդպես, որ չեն շփվում»։

«Հիմա ինձ չեն ասում՝ Սերժի Վաչո, նախկինում են ասել»,- հավելել է Ղազարյանը:

Հարցին, թե ուր է տարել բանկից պարկերով հանած փողը, Ղազարյանը նախ նշել է, որ պարկով չէ, պայուսակով է եղել․ գումարը նախատեսված է եղել ավանդի համար:

«Չե՞ք տեսել, որ տարել տվել ենք իրենց, տվել ենք պետությանը։  Մարդիկ բռնագանձել են։ Ավանդը իմն էր, հանում էի, որ տանեի տիրոջը տայի: Ուզում եք սաղ իմանա՞ք։ Հլը շուտ է իմանալու համար, մի գեղեցիկ օր կիմանաք․ ռուսաստանաբնակ ընկերոջինն է»։

Ղազարյանը մանրամասնել է, որ իր կողմից վերադարձվել են վերը նշված հողերը, իսկ ճշտող հարցին, թե դեռ ինչքան է մնացել թալանված իր մոտ, որ պետք է վերադարձնի պետությանը, նա կրկնել է, որ թալանած ոչինչ իր տիրապետության տակ չկա:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավարը նաև չի բացառել, որ առաջիկայում իրեն կարող են տեսնել ընդդիմադիր շարքերում, հնարավոր է անգամ 2026-ին սպասվող ընտրություններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում