Բրիտանիան գաղտնի հատուկ գործողություն կսկսի Ռուսաստանի և Չինաստանի դեմ. The Times

Բրիտանական հատուկ ջոկատները նոր գաղտնի առաքելություն կսկսեն Ռուսաստանի ու Չինաստանի դեմ: Այս մասին տեղեկացնում է The Times պարբերականը` հղոմ տալով բրիգադիր Մարկ Տոտտենին:
Նրա խոսքերով՝ հատուկ օդային ու նավային ծառայություններն ավելի վտանգավոր գործողություններ են իրականացնելու այլ պետություններին հակազդելու համար: Տոտտենը նշել է, որ ինքը կգլխավորի բրիտանական ծովային հետևակայինների «ապագա հատուկ նշանակության ջոկատները», որոնք կօգնեն ահաբեկչության և վարձկանների դեմ պայքարում հատուկ նշանակության ջոկատներին: Պարբերականը նշում է, որ այս խմբում ընդգրկվելու է 4000 մարդ:
Պարբերականի զրուցակցի խոսքերով՝ հատուկ նշանակության ջոկատայինները պետք է կենտրոնանան Ռուսաստանի ու Չինաստանի դեմ ավելի բարդ ու դժվար առաքելությունների վրա: Դրա համար նրանց պետք է «իսկական մասնագետների գիտելիքներն ու փորձը»:
«Իսկ մենք կարող ենք իրականացնել որոշ խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, ծովում հակաահաբեկչական գործողությունները կամ համատեղ գործողությունները, որոնք դժվար են և ուղեկցվում են ավելի մեծ ռիսկերով»,-նշել է Տոտտենը:
Ենթադրվում է, որ հատուկ նշանակության ջոկատները կարող են աշխատել MI6 բրիտանական հետախուզական ծառայության հետ համատեղ: Նրանք վերահսկելու են Ռուսաստանի և Չինաստանի ռազմական և հետախուզական ստորաբաժանումները:
Ըստ բանակի աղբյուրների՝ հատուկ նշանակության ջոկատները կարող են պատրաստել նաև Հարավչինական ծովի ափին գտնվող երկրների ռազմածովային ուժերը՝ Չինաստանից պաշտպանվելու համար:
Կարծիքներ