Կոլումբիայում բողոքների զոհ Է դարձել 58 մարդ

Կոլումբիայում մարդու իրավունքների լիազորի աշխատակազմում հաղորդել են, որ 58 մարդ Է զոհվել հարկային բարեփոխման դեմ հակակառավարական բողոքների ժամանակ: Այդ մասին գրում Է Associated Press-ը:
Գերատեսչության զեկույցը նաեւ մատնանշում Է ավելի քան 400 դիմում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման, ծեծ ու ջարդերի, անօրինական ձերբակալությունների եւ այլ չարաշահումների մասին: Temblores իրավապաշտպան խմբի տվյալներով՝ ոստիկանությունն անմիջականորեն մասնակից Է բողոքների ժամանակ 45 մահերին: Human Rights Watch-ում նշել են, որ փաստաթղթավորել են ինը դեպք, երբ ոստիկանները գնդակահարել են հանրահավաքի մասնակիցների, եւ ցուցարարների չորս մահ՝ արտասվաբեր գազից ու այլ հատուկ միջոցներից: Ավելի վաղ Կոլումբիայի իրավապահ մարմինները քննադատել են անգործությունն այն ժամանակ, երբ զինված քաղաքացիական անձինք կրակել են ցուցարարների ուղղությամբ:
Դրանից հետո մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը որոշել Է պատվիրակություն ուղարկել տեղի ունեցածն ստուգելու համար: Այս շաբաթ կազմակերպության անդամները հանդիպում կունենան պաշտոնյաների, իրավապաշտպանների, ինչպես նաեւ տուժածների հետ: Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն առաջարկել Է բարեփոխել ոստիկանությունը, այդ թվում՝ նրա աշխատակիցներին ապահովել տեսախցիկներով եւ ստեղծել մարդու իրավունքների վարչություն:
Ի պատասխան բողոքողները հայտարարել են, որ ոստիկանության աշխատակիցները պետք Է հանձնվեն քաղաքացիական դատարանների իրավասությանը, այլ ոչ թե ռազմական տրիբունալներին, ինչպես ներկայում: Ցուցարարների կարծիքով, այս համակարգի դեպքում ոստիկաններին կդատեն իրենց կոլեգաները: Կոլումբիայում բողոքներն սկսվել են ապրիլի վերջին: Դուկեի նախարարների կաբինետը փորձել Է բարձրացնել կոմունալ ծառայությունների, վառելիքի, աշխատավարձի հարկերը, բայց այդ առաջարկությունը հետ Է կանչել ցույցերի սկսվելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ