Բայդենի վարկանիշն իջել է մինչև ռեկորդային ցածր՝ 37,8%

Ամերիկացիների կողմից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործունեության հավանության վարկանիշը իջել է մինչև ռեկորդային ցածր՝ 37,8%։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտնել է USA Today թերթը՝ վկայակոչելով իր կողմից Սաֆոլկի համալսարանի հետ համատեղ անցկացված հարցման արդյունքները։
Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների 59%-ը Բայդենի՝ որպես պետության ղեկավարի գործողությունները բացասական է գնահատում, իսկ հարցվածների եւս 3,2%-ը ձեռնպահ է մնացել համապատասխան հարցին պատասխանելուց։
Հարցման մասնակիցների 46%-ը կարծում է, որ նախագահն ավելի վատ է կատարում իր պարտականությունները, քան սպասում էր։ Միևնույն ժամանակ, հարցվածների գրեթե 64%-ը, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 28%-ը, դեմ են դեմոկրատ Բայդենին 2024 թվականին երկրորդ ժամկետի համար առաջադրվելու դեմ։ Պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի, ով հանրապետական է, հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելուն դեմ է արտահայտվել հարցվածների 58,4%-ը։ Հարցվածների 40%-ը հայտարարել է, որ պատրաստ է քվեարկել Բայդենի օգտին, եթե ընտրություններն անցկացվեն հիմա, 44%-ը՝ Թրամփին, ևս 11%-ը կնախընտրեր քվեարկել այլ թեկնածուի օգտին։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի գործունեությունը հավանության է արժանանում հետազոտության մասնակիցների 27,8%-ի կողմից։ Հարցվածների միայն 12%-ն է դրական արտահայտվել Կոնգրեսի աշխատանքի մասին։ Ընդ որում, հանրապետական օրենսդիրների հավանության վարկանիշն ավելի բարձր է ստացվել, քան դեմոկրատների վարկանիշը։ Հարցվածների 66%-ը կարծում է, որ իրավիճակը երկրում զարգանում է սխալ ուղղությամբ, հակառակ տեսակետն ունի հարցվածների 20%-ը։
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 3-ից 5-ը գրանցված 1000 ընտրողների շրջանում: Սխալների սահմանը մոտավորապես 3,1 տոկոսային կետ է:
Կարծիքներ