Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց Հայոց պատմության էջերում. ՀՀ ԱԺ նախագահ

Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց Հայոց պատմության էջերում. ՀՀ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ:

Հանրապետության քաղաքացի լինելը, որքան էլ այդ ժամանակների համար անծանոթ իրողություն էր, այնուամենայնիվ, նոր դարաշրջանի սկիզբն էր, որն անշրջելի էր լինելու ժողովրդավարության և մեր օրերի Հանրապետությանը հասնելու համար:

Մեր ժողովրդի համար օրհասական պահին ստեղծված Հանրապետությունը ինքնակազմակերպման, ընտրությունների միջոցով կամարտահայտության և ազատատենչության կարևոր մարմնավորումն էր:

Ամեն տարի այս օրը մենք հպարտությամբ ենք հիշում 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, մեր հերոսներին, որոնց անհավանական սխրանքները փառավորում են մեր ինքնությունը, սնում մեր էությունը: Եվ ինչպես մեր գոյամարտի վերաբերյալ տարբեր աշխատություններում է գրված. «Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված»:

Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում, որոնք ուսումնասիրման, առերեսման և խորհելու մեծ հնարավորություն են տալիս սերունդներին:

1918 թվականը մեր երկրի վերածննդի խորհրդանիշն է ու ժառանգությունը, մեր պետականության հիմնաքարը, որի դրական և մնայուն արժեքները պահպանելու և ամրացնելու պատասխանատվություն ունենք:

Շնորհավոր տոնդ Հայաստանի առաջին հանրապետություն, հարգանք և խոնարհում պետականության ճանապարհին ընկած հերոսների և այն կերտող պետական գործիչների հիշատակին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում