Լոնդոնը դեռ չի որոշել բոյկոտել Պեկինի Օլիմպիական խաղերը

Բրիտանական իշխանությունները դեռ չեն որոշել Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը դիվանագիտական բոյկոտելու հնարավորության մասին։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Washington Post-ին։
«Լոնդոնը դեռ որոշում չի կայացրել: Մենք ակտիվորեն դիտարկում ենք մեր դիրքորոշումը», - հրատարակությանը հայտնել է բրիտանացի պաշտոնյան: Նրա խոսքով՝ այս հարցը կարող է քննարկվել Յոթնյակի (G7) երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-12-ը Լիվերպուլում։ Պաշտոնյան հավելել է, որ Լոնդոնից պաշտոնական հայտարարություն պետք է սպասել այն ժամանակ, եթե ոչ ավելի վաղ։
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին երկուշաբթի ասել է, որ Միացյալ Նահանգները որոշել է դիվանագիտական բոյկոտել Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերը։ Նա հաստատել է, որ Վաշինգտոնն արդեն տեղեկացրել է արտերկրում գտնվող դաշնակիցներին և գործընկերներին՝ նրանց իրավունք տալով ինքնուրույն որոշումներ կայացնել Օլիմպիական խաղերի կապակցությամբ Չինաստանում կայանալիք միջոցառումներին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Ձմեռային խաղերը բոյկոտելու կոչերի պատճառը, որոնք ավելի վաղ հնչեցրել էին Կանադայի, Նորվեգիայի, Միացյալ Նահանգների քաղաքական գործիչները, ինչպես նաև տարբեր երկրներից մոտ 200 իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, ՉԺՀ-ի կողմից Սինցզյանում վերագրվող զանգվածային բռնաճնշումներն էին։
XXIV ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը։
Կարծիքներ