Գյումրու ավագանու խմբակցությունները դժգոհ են քաղաքապետարանից

Գյումրու ավագանու խմբակցությունները դժգոհ են քաղաքապետարանից

Գյումրու ավագանու խմբակցությունները դժգոհ են քաղաքապետարանի պատասխանատու օղակի աշխատանքից և իրենց նկատմամբ վերաբերմունքից: Մինչ ավագանու այսօրվա նիստի օրակարգի հաստատումը՝ այս մասին բարձրաձայնելով՝ նշեցին, որ այսուհետև չեն հանդուրժելու նման դրսևորումները:

Խնդիրն այն է, որ տևական ժամանակ է, ինչ Գյումրու համայնքապետարանը խախտում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջները, սահմանված ժամկետից ուշ են հրապարակվում ավագանու նիստի օրակարգերն ու որոշման նախագծերը։

«Ապրելու երկիր» խմբակցություն ղեկավար Կարեն Մալխասյանն այս մասին բարձրաձայնելուց հետո պահանջեց հնչեցնել այն պատասխանատուի անունը, ով, ըստ էության, իրեն՝ որպես ավագանու անդամի, զրկում է իր իրավունքների և պարտականությունների իրացումից:

«Ո՞վ է պատճառը, աշխատակազմից ո՞վ է, մասնագե՞տ է, գլխավոր մասնագե՞տ է, տեղակա՞լ, բաժնի պե՞տ և այլն, ո՞վ է պատճառը, որ ամեն անգամ այս խնդիրը կա: Նախագծեր կան, որ իրականում չենք հասցրել ուսումնասիրել, որ անհրաժեշտության դեպքում էլ կարողանայինք առաջարկել մեր գործընկերներին, որ հանվեին դրանք, մինչև լիարժեք քննարկվեր, ուսումնասիրվեր, թեկուզ ունեցած մեր հարցերը ներկայացնենք»,- ասաց Մալխասյանը:

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը որևէ մեկի անունը չտվեց, սակայն ասաց՝ կփորձեն հաջորդ հանդիպմանն այս խոսակցությունը չունենալ:

«Կփորձենք» արտահայտությունը հատկապես վրդովվեցրեց «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանին:

«Ես պնդում եմ, որ էլ չօգտագործեք էդ բառը, որովհետև ոչ թե պետք է փորձեք, այլ պետք է այլևս չարվի, սա առաջին անգամը չէ: Ամենաթանկ բանը վերաբերմունքն է: Էստեղ մենք էլ ունենք ընդհանուր ընկեր, որը միշտ ասում է՝ ամեն բան արդար է: Բայց արդար չէ, էլի, կարող էիք զանգել խմբակցությունների ղեկավարներին, ասեիք՝ չենք հասցրել, գիտեք, կներեք, բայց այ էս-էս հարցերն են, մի հատ իմացեք: Անտեսված լինելն ամենավատ բանն է, իսկ վերաբերմունքն ամենաթանկն է»,- ասաց «Զարթոնք»-ի ղեկավարը:

Վարդևան Հակոբյանը ևս շեշտեց, որ այսօրվա նիստի օրակարգային հարցերի հետ կապված իրենք էլ լուրջ քննարկման կարիք էին տեսնում, ինչի հնարավորությունը քաղաքապետարանն իր վերաբերմունքով անհնար է դարձրել:

Մասնագիտական դիտարկումներ ուներ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն ղեկավար Քնարիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ տևական ժամանակ ավագանու նիստ է արվում, սակայն չի հիշում գոնե մեկ դեպք, որ ավագանու նիստերը համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում լուսաբանվեն, կամ որևէ բան հրապարակվի ավագանու գործառույթի և աշխատանքի մասին: Այնինչ այդ աշխատանքը կատարելու համար կան աշխատակիցներ, ավագանին հաստիքացուցակ է հաստատել, մարդիկ աշխատավարձով աշխատում են:

«Ես խնդրում եմ ուղիղ հանձնարարական տաք համապատասխան բաժնի աշխատակիցներին, որ այս մասով գոնե իսկապես աշխատանք անեն: Եթե ես չեմ սխալվում, մենք հաստիքացուցակով հաստատել էինք մի քանի աշխատակիցների, բայց ինձ համար անհասկանալի է, թե իրենք ինչով են զբաղվում, որովհետև ավագանու մասով գոնե որևէ լուսաբանում չկա»,- հայտարարեց Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ բազմաթիվ խնդիրներ կան քաղաքապետարանի պաշտոնական կայքի հետ կապված: Անհրաժեշտ ինֆորմացիան դժվար է գտնվում, կայքը խրթին ու խճճված է: Նաև կան բաժիններ, որոնց տվյալները վաղուց թարմացված չեն:

«Ես կխնդրեի ուշադրություն դարձնել այս հարցերին, որպեսզի և՛ կայքը նորմալ լինի, և՛ ավագանու մասին լուսաբանումները: Եթե կան աշխատակիցներ, որոնք դրա համար գումար են ստանում, ապա ինչո՞ւ մենք պետք է այս խնդրի մասին մտածենք: Չկան անգամ լուսանկարներ, որպեսզի մարդիկ ավագանու անդամներին դեմքով իմանան»,-քաղաքապետին ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը:

Վազգեն Սամսոնյանն էլ նկատեց, որ, իր կարծիքով, եթե ուղիղ եթերն ապահովում են, էլ կարիք չկա այլ լուսաբանումների, սակայն եթե այլ կերպ կարծողներ կան, կմտածեն այդ մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում