Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մայիսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, «գլխի վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է ընդունվել  «գանգի հիմքի կոտրվածք հարցականով, ողերի կոտրվածք ողնուղեղի վնասումով, գլխի գագաթային շրջանի պատռած վերք, գանգի վնասվածք» ախտորոշմամբ: Տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերվել, ապա նա ռեանիմոբիլով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ժամանակ ճանապարհին՝ Փամբակի վարչական տարածքում, ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների, քրեական և համայնքային ոստիկաններն ու Թումանյանի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Հաղպատ բնակավայրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում, մթության պատճառով, Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Ալեքսանդր Շ․-ն իր անզգուշության հետևանքով սայթաքել, վայր է ընկել և հայտնվել մոտ 30 մետր խորությամբ ձորակում՝ ստանալով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում սպանություն (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում