Միևնույն անձի կողմից կառավարվող բազմաթիվ էջեր. Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը. Media.am
2026 թվականի փետրվարի 18-ին ստեղծվել են 17 ֆեյսբուքյան էջեր, որոնք համակարգված կերպով հակաքարոզչություն են իրականացնում Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ և ստեղծում աջակցության իմիտացիա գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի օգտին, գրում է Media.am-ը։
Այս 17 էջերի հրապարակած տեսանյութերը տարածում են հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ, որոնցից մոտ 60-ին media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, նույնականացրել է։
Ֆեյսբուքյան 17 այդ էջերն են՝ Week/News Armenia, Lurer Aysor, Time News, Yerevan Times, BreakNews Arm, YerevanTimes, Voice.Yerevan, Liberty News Armenia, Tarm News, Hay News, Top News Arm, YVN Pulse, Arm Urban Voice, Armenia Pulse, Live Updates Armenia, Focus on Armenia, ArmeniaNow։
Ուսումնասիրությունից տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք միևնույն անձի կողմից կառավարվող էջերի հետ՝ այն տարբերությամբ, որ անուններն ու գլխավոր նկարները տարբեր են։
Մեկ օրում ստեղծված այս էջերը գրեթե միաժամանակ, րոպեների տարբերությամբ, 12:30-12:45-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել են վարչապետի նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկարներով տեսանյութ, որում պնդում է արվում, թե Հակոբյանը նախկինում կրում էր 5000 դրամ արժեքով ականջօղեր, իսկ որպես վարչապետի կին նրա ականջօղերի արժեքը հասել է 2 մլն 500 հազար դրամի։
Հետաքրքիր է, որ էջերը ոչ թե տարածել (share) են առկա տեսանյութը, այլ գրեթե նույն ժամին վերբեռնել են դրանք «Ֆեյսբուք»։
Էջերի համակարգված երկրորդ արշավը տեղի է ունեցել փետրվարի 19-20-ը։ Վերջիններս տարածել են տեսանյութ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի նկարով։ Ուղեկցող տեքստում ակնարկ է հնչում, թե վարչապետը «սեռական շեղումներ» ունի։
Հրապարակումների զգալի մասը արվել է ուղիղ ժամը 5:43-ին։
Փետրվարի 23-ին տարածվեց էջերի հաջորդ տեսանյութ-ահազանգը։ Այն կոչ էր անում չքվեարկել Փաշինյանի օգտին, քանի որ վերջինս տարածքներ է «բաժանում Ադրբեջանին»։
Փետրվարի 23-ին համակարգված արշավ սկսեց Աշոտ Փաշինյանի՝ վարչապետի որդու դեմ․ էջերը հրապարակել էին ենթադրաբար նրա մասնակցությամբ տեսանյութ և պնդում էին, թե վերջինս ծանր թմրանյութերի ազդեցության տակ է՝ չներկայացնելով ասվածն ապացուցող որևէ փաստ։
Հաջորդ օրը՝ փետրվարի 24-ին, գրեթե միաժամանակ հրապարակված տեսանյութերում պնդում է արվում, որ ընտրելով Նիկոլ Փաշինյանին՝ մարդիկ ձայն են տալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Իսկ ավելի վաղ տարածվում էր ԱԲ-ով ստեղծված մեկ այլ տեսանյութ, որում ադրբեջանական զորքերն իբր ներխուժում են Երևան։
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերեցինք նաև «Ֆեյսբուք»-ում համակարգված աշխատող կեղծ օգտատերերի, որոնք տարածում են վերոնշյալ էջերի պատրաստած տեսանյութերն ու լրատվամիջոցների սոցիալական էջերում քննադատում գործող իշխանությանն ու դրական բովանդակությամբ մեկնաբանություններ անում Սամվել Կարապետյանի և նրա ղեկավարած ուժի մասին։
Խումբը կազմված է ավելի քան 60 նույնականացված կեղծ օգտահաշվից։ Այս թիվը վերջնական չէ, և չի բացառվում, որ այն շատ ավելի մեծ լինի։ «Ստուգված է»-ն շարունակում է հետևել «ֆեյքերի» վարքին, և բավարար ապացույցների առկայութան դեպքում մենք հանդես կգանք նոր հրապարակմամբ։
Նշված շուրջ 60 կեղծ օգտահաշիվների և 17 էջերի միջև կապը և համակարգվածությունը ապացուցվում է մի շարք ընդհանրություններով։
Օրինակ՝ քարոզչական էջերի՝ Փաշինյանի սեռական շեղումների մասին տեսանյութը տարածել են ֆեյքերի այդ խմբի բոլոր անդամները (որոշները հետագայում հեռացրել են)։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:




Կարծիքներ