Դավթաշենի թաղապետը հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի «լավատեղյակ աղբյուրների»՝ սպանության փորձի արդարացումները

Դավթաշենի թաղապետը հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի «լավատեղյակ աղբյուրների»՝ սպանության փորձի արդարացումները

«Ժողովուրդ» օրաթերթը ոգևորված, մեկը մյուսի հետևից իր աղբյուրներին հղում տալով, տեղեկություններ և «վերլուծություններ» է հրապարակում վերջերս Դավթաշենի թաղապետի տեղակալի վրա կրակոցների դեպքի առիթով։ Այս մասին գրում է civic.am-ը։

Ըստ օրաթերթի՝ Կորյուն Մխիթարյանի վրա կրակել են ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ որովհետև վերջինս Ռոման Համբարձումյանի օգնականն է և քաղաքացիների հետ հարաբերվել է փողոցային բարքերով։

Օրաթերթի պնդմամբ՝ քաղաքացիները ցանկացել են իրենց հողի վրա շինաշխատանքներ իրականացնել, ինչին խոչընդոտել է Մխիթարյանը, և քաղաքացիները ստիպված են եղել կրակել պաշտոնյայի վրա։  «Այսինքն՝ թաղապետի օգնականը այնպիսի վիճակի է հասցրել քաղաքացուն, որ սեփական ձեռքերով են փորձել հաշվեհարդար տեսնել նրա հետ»,- ահա այսպիսի դարակազմիկ արդարացում է մոգոնել «Ժողովուրդ» օրաթերթը: Ըստ նյութի հեղինակի, ում անունը չի նշվում (նյութը ստորագրված է --00—ՍՊ անունով), սա արդարացնում է մարդու վրա կրակելը։

Ինչ խոսք, այլևս չենք զարմանում որոշ լրատվականների ու լրագրողների արժեքային համակարգի վրա։ Մնում է մանկապղծությունն էլ արդարացնեն ու վերջ։ Ի դեպ, չենք բացառում և չենք զարմանա, որ նման դեպքի էլ ականատես լինենք։ 

Մեկ այլ հոդվածով էլ, կրկին իր աղբյուրներին հղում տալով, «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, թե «Կորյուն Մխիթարյանն է առաջինը մեքենայից կրակոցներ արձակել, երբ փայտերով հարձակվել են իր մեքենայի վրա»։

Բացի դրանից, օրաթերթը պնդում է, թե թաղապետ Ռոման Համբարձումյանը ամեն կերպ խոչընդոտում է քաղաքացուն՝ շինաշխատանքներ իրականացնել։ 

Civic.am-ը կապ հաստատեց Դավթաշենի թաղապետի հետ, ով ասաց, որ այո, ամեն կերպ խոչընդոտել և խոչընդոտելու է համայնքային հողի վրա ապօրինի շինաշխատանքներ կատարողներին։    

Համբարձումյանն ասաց՝ ահազանգ են ստացել բնակիչներից, որ անհայտ անձինք շինաշխատանքներ են իրականացնում համայնքում։ Դեպքի վայր ժամանած թաղապետարանի աշխատակիցները պարզում են, որ շինաշխատանքներն իրականացվում են համայնքային հողի վրա՝ առանց թույլտվության։ Թաղապետարանի աշխատակիցները քաղաքացիներին բացատրում են, որ կա իրավական ընթացակարգ, և առաջարկում են մասնակցել աճուրդի, գնել հողը, թույլտվություն ստանալ, ապա իրականացնել շինարարություն։ Ըստ թաղապետի՝ խոսակցությունը քաղաքացիների հետ սուր է ստացվում, լեզվակռվի մեջ են մտնում կողմերը, բայց աշխատակիցներին հաջողվում է խոչընդոտել ապօրինի շինարարության շարունակությանը։ 

«Իմ հանձնարարությամբ տեղակալս աշխատակիցներին հանձնարարում է տարածքը մաքրել և բերել հին տեսքի։ Դրանից 25 օր անց առավոտյան, աշխատանքի գալուց երեք մեքենայով շրջապատում են օգնականիս մեքենան, դուրս են գալիս մեքենաներից 10-12 հոգի, փայտերով, դուբինկաներով սկսում են ջարդել մեքենան և կրակել մեքենայի ուղղությամբ», - ասաց Ռոման Համբարձումյանն ու ավելացրեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե ինքն է դրդել քաղաքացիներին գնալ հանցանքի՝անթույլատրելի է ու շատ լուրջ մեղադրանք է իր հասցեին։ Նաև ասաց, որ օրենքի շրջանակներում խոչընդոտելու է բոլոր ապօրինի գործողություններին։ Ռոման Համբարձումյանը հերքեց օրաթերթի պնդումը, թե իր օգնականն առաջինն է կրակել իր վրա հարձակվողների ուղղությամբ։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում