Երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ-ն՝ Արտաշատ-Գառնի ճանապարհին այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի մասին

Երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ-ն՝ Արտաշատ-Գառնի ճանապարհին այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի մասին

Արտաշատ-Գառնի ճանապարհին այսօր տեղի ունեցած ավտովթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

«Հաղորդում է ստացվել այն մասին, որ Գառնիի Բանավանից դեպի Արտաշատ ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, և կան տուժածներ։

Պարզվել է, որ Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում՝ դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42-ամյա բնակչի վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի և Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում՝ 5-ը երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։

Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։

Նախնական տվյալներով՝ երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ ծանր։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական Կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342րդ հոդվածի 2րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։

Նախնական տվյալներով` ավտոմեքենաների վարորդների օրգանիզմում ալկոհոլի առկայություն չի հայտնաբերվել»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում