ВДНХ-ում ցուցադրվել է «Շուշա, դու ազատ ես» ադրբեջանական ֆիլմը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը սա դիտարկում է բացահայտ սադրանք

ВДНХ-ում ցուցադրվել է «Շուշա, դու ազատ ես» ադրբեջանական ֆիլմը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը սա դիտարկում է բացահայտ սադրանք

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն իր խորը հիասթափությունն է հայտնում 2022 թվականի նոյեմբերի 9-ին Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ВДНХ) տարածքում ցուցադրության կապակցությամբ։
Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասված է․

«Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ВДНХ) տարածքում ցուցադրվել է Ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի նկարահանած ֆիլմը 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի մասին, որը հետագայում անվանվեց 44-օրյա պատերազմ։

Մենք այս գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք՝ ուղղված ազգամիջյան ատելություն հրահրելուն և խաթարելու վերջին տարիներին կատարված բազմաթիվ ջանքերը՝ կանխելու լարվածության հետագա սրումը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության տարածքում երկու երկրների համայնքների միջև։

«Շուշա, դու ազատ ես» անցանկալի վերնագրով վավերագրական ֆիլմը հայատյաց ադրբեջանական քարոզչության հերթական արգասիքն է, որը վիրավորում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայ մեծ համայնքի, Հայաստանի Հանրապետության և նրանց հայրենակիցների, Լեռնային Ղարաբաղի բնակիչների զգացմունքները այլ նաև ակնհայտ օգուտ է ադրբեջանցի երիտասարդության համար, որը շարունակում է մեծանալ ատելության և այլատյացության վրա:

Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրության աչքում արդարացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և նրանց պաշտպանների դեմ կատարված ծանրագույն ռազմական հանցագործությունները ինչպես 2020 թվականի պատերազմի ժամանակ, այնպես էլ դրան հաջորդած հետագա իրադարձությունների ժամանակ: Ինչպես նաև 2022 թվականին Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներու շարունակվող վանդալիզմի գործողությունները։

Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը միտումնավոր ընտրել է իր տաղավարի վայրը Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքում՝ ВДНХ-ն՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն սիրելի ցուցահանդեսային կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների բարեկամության և համագործակցության գաղափարները, այլ նաև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին ընտրել խաղաղության և բարիդրացիության տանող ճանապարհը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում