Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը G7 երկրներին կոչ է արել պայքարել «ազատությունը խարխլող ագրեսորների դեմ»

G7 երկրները պետք է միասին աշխատեն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար: Այդ մասին շաբաթ օրը Անգլիայի Լիվերպուլ քաղաքում G7 անդամ երկրների նախարարական հանդիպմանն ընդառաջ ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը։
«Այս շաբաթավերջին աշխարհի ամենահզոր ժողովրդավարական երկրները հանդես կգան ագրեսորների դեմ, ովքեր փորձում են խաթարել ազատությունը և հստակ ուղերձ կհղեն, որ մենք միասնական ենք: Ես ցանկանում եմ, որ G7 երկրները խորացնեն իրենց կապերը միմյանց հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, ներդրումները, տեխնոլոգիան և անվտանգությունը, որպեսզի պաշտպանեն և խրախուսեն ազատությունն ու ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Թրասը երկօրյա միջոցառման ընթացքում G7 երկրներին կոչ կանի ուժեղացնել համագործակցությունը միմյանց հետ Ուկրաինայի իրավիճակի համատեքստում, ինչպես նաև նշել անվտանգության և տնտեսական աջակցության անհրաժեշտությունը: Ընդգծվում է, որ Լիվերպուլում հանդիպման շրջանակում նախարարները կքննարկեն նաեւ Մյանմայի ու Եթովպիայի քաղաքական ճգնաժամերը եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը։
Կարծիքներ