«Երիտասարդն անցել է բոլոր սահմանները». Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին

«Երիտասարդն անցել է բոլոր սահմանները». Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է տրանսպորտում իր ու քաղաքացու միջադեպին։ Նա ասել է, թե «երիտասարդն անցել է բոլոր սահմանները, և օրենքի առաջ պետք է պատասխան տա»․

«Դա էմոցիոնալ պոռթկում չէր, հստակ կանխամտածված քայլ էր, երբ ես հանգիստ նստած եմ, գալիս եմ, որ կանգառում իջնեմ, նա գալիս է, դիմացս փակում և սկսում է»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը հանդուրժող է, իսկ քաղաքացուն հրել է, որ անցնի և իջնի տրանսպորտից։

Հարցին՝ որևէ քաղաքական ուժի տեսնու՞մ է այս ամենի հետևում, Ասլանյանը նշել է. «Գուցե քաղաքական գաղափար եմ տեսնում»։

Ասլանյանը նաև հավաստիացրել է. «Ես նպատակ չունեի, չէի հանրայնացնի, եթե ինքը չգցեր «Ֆեյսբուք»։ Ինձ զանգեր եղան, ասացի, որ նպատակ չունեմ սա բացել․ արել է, թող ինքն էլ իրենով տապակվի։ Բայց մի քիչ հետո սկսվում են զանգերը, որ «Ֆեյսբուքը» տեսանյութով պայթում է։ Այդ դեպքում արդեն ուրիշ բան չէր մնում անելու»,- ասել է Ասլանյանը՝ իրավապահներին դիմելու մասին հարցին անդրադառնալով։ 

Ասլանյանը նաև ասել է, որ այս առավոտ էլ է տրանսպորտով եկել ԱԺ և տուն է վերադառնալու տրանսպորտով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում