Սոչիի փաստաթուղթը Հայաստանի համար ընդունելի է. Փաշինյան

Սոչիի փաստաթուղթը Հայաստանի համար ընդունելի է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահի հետ և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային հանդիպումներում ասել է, որ Հայաստանը պաշտպանում է ՌԴ դիրքորոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

«Ի վերջո, Սոչիում աշխատանքի արդյունքում ստացվել է մի փաստաթուղթ, որի հետ բոլորը համաձայն են»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ սեղանին դրվել է մի փաստաթուղթ, որի ներքո Հայաստանը համաձայնել է ստորագրել, և համարում է օգտակար: Հարցին՝ դեռ շրջանառության մե՞ջ է արդյոք ռուսական առաջարկը, Փաշինյանն պատասխանեց՝ հարցի պատասխանը պետք է Ռուսաստանը հնչեցնի:

«Մենք ասել ենք՝ այդ տարբերակը մեզ համար ընդունելի է: Այդ թեման հրապարակային է դարձել ՌԴ նախագահի «Վալդայ» ակումբում արած հայտարարությունից հետո: Ուստի ձեր հարցը վերահասցեագրում եմ ՌԴ-ին, թող իրենք հրապարակային պատասխանեն»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատեց՝ Հայաստանը շարունակում է խաղաղության պայմանագրի ջատագով լինել, սակայն անհրաժեշտ են երաշխիքներ, որ պարտավորություններ ստանձնելու դեպքում Ադրբեջանը կկատարի դրանք:

Փաշինյանի խոսքով՝ էական չէ այդ դերը կստանձնի ՌԴ-ն, ՄԱԿ-ը, թե այլ «միջազգային կարևոր խաղացող», Հայաստանը ուրախ կլինի և պատրաստ պայմանագիրը ստորագրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում