Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Ի նշանավորումն օրվա՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Այս մասին հայտնում են նախարարությունից։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ և ողջունել մրցույթի մասնակից աշակերտներին՝ նշելով, որ այն ևս մեկ առիթ է՝ շեշտելու, թե որքան կարևոր է ճանաչել և պահպանել պատմական ժառանգությունը, հոգածություն ցուցաբերել շրջապատում գտնվող հուշարձանների նկատմամբ:

Ըստ նախարարի՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում անցկացված մրցույթը կարևոր է հայրենաճանաչության առումով.

«Երեխաներից յուրաքանչյուրը գտել էր որևէ արտահայտչամիջոց՝ կոմիքս, լուսանկար, բանաստեղծություն՝ ներկայացնելու իր վերաբերմունքը հուշարձանի նկատմամբ: Երեխաներն իրենց մոտեցումներով փաստում են, որ մեր հուշարձանների մասին կարող ենք պատմել և խոսել տարբեր ժանրերով և ձևերով, ու դրանք բոլորը կարող են լինել հետաքրքիր: Երբեմն տեսնում ենք, որ հուշարձանների տարածքները հենց մեր համաքաղաքացիների ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով աղտոտվում են: Այս առումով չափազանց կարևոր է, որ պատմական ժառանգության և հուշարձանների հանդեպ վերաբերմունքի ձևավորումը դառնա կրթական գործընթացի բովանդակային բաղադրիչ, որպեսզի երեխաները ճանաչեն և գիտակցեն հուշարձանների նշանակությունը»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը շատ հետաքրքիր հուշարձան է նաև գեղագիտական պատկերի առումով՝ Սևանա լճի հիասքանչ տեսարանով։

«Այս հուշարձանը պետք է ավելի ճանաչելի դարձնել և նպաստել, որ այցելություններն այստեղ ավելի շատ լինեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իր համար հայտնաբերի և վերարժևորի մեր երկրի 25 հազար հուշարձանները, որոնք մեր պատմության և քաղաքակրթական ժառանգության կարևորագույն մասն են: Մեր այցերն ու ճանաչողական էքսկուրսիաները հուշարձանների տարածքներում պետք է դառնան ավելի հաճախակի»,-ասել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում