Ցույցեր Ստամբուլում և Անկարայում, հացի համար տասնյակ մետր ձգվող հերթեր․ Թուրքիայում բողոքում են իշխանությունների դեմ

Ցույցեր Ստամբուլում և Անկարայում, հացի համար տասնյակ մետր ձգվող հերթեր․ Թուրքիայում բողոքում են իշխանությունների դեմ

Թուրքիայի արհմիությունները կիրակի՝ դեկտեմբերի 12-ին, բողոքի զանգվածային  ակցիա են կազմակերպել Ստամբուլում։ Փողոց դուրս եկած 5000-ից ավելի ցուցարարները բողոքել են հիպերինֆլյացիայի և թուրքական լիրայի անկման դեմ։ Ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջը եղել է նվազագույն աշխատավարձի բարձրացումը։

Euronews հեռուստաընկերության հաղորդմամբ՝ այս տարվա սկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ նվազել է 43 տոկոսով։ Նոյեմբերին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում ինֆլյացիան գերազանցել է 21 տոկոսը։ Ըստ ընդդիմության, սակայն, այս թվերը նվազեցված են և իրականությանը չեն համապատասխանում։

News.in-24 պարբերականը հաղորդում է, որ Ստամբուլի քաղաքային վարչության տվյալների համաձայն՝ քաղաքում 1 տարվա ընթացքում կյանքը թանկացել է 50 տոկոսով։ Ամենամեծ թանկացումը գրանցել է արևածաղկի ձեթը, որի գինն ավելացել է 138 տոկոսով։

Սոցիալական ցանցերում օրերս տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում են հացի հերթերն Անկարայում և Ստամբուլում. մարդիկ ստիպված են տասնյակ մետր ձգվող հերթերում կանգել, որպեսզի մի փոքր ավելի մատչելի գնով հաց ձեռք բերեն։

Ըստ իշխանության քննադատների՝ լիրայի անկման պատճառներից մեկն, ի թիվս այլոց, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտությունն է կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությանը։ Էրդողանը պարբերաբար կոչ է անում նվազեցնել հիմնական տոկոսադրույքը։

2019 թվականից ի վեր Թուրքիայի նախագահն արդեն 3 անգամ փոխել է կենտրոնական բանկի նախագահին, իսկ վերջին երկու ամիսների ընթացքում երկու անգամ փոխվել է ֆինանսների նախարարը։

Ստամբուլի բողոքի ակցիային զուգահեռ, կիրակի օրը մեկ այլ ակցիա է տեղի ունեցել Անկարայում, որտեղ ցույցի են դուրս եկել ուսանողները։ Վերջիններիս բողոքի պատճառը Թուրքիայում բնակարանների բարձր գինն է և հանրակացարաններում տեղի պակասը։ Ուսանողների ցույցն արգելված է եղել իշխանությունների կողմից։ Ոստիկանները ցրել են հավաքը։ Ըստ տարբեր լրատվամիջոցների 30-ից 90 ուսանող ձերբակալվել է։

ANF News պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի մայրաքաղաքի արվարձաններում անցակետեր են տեղադրվել՝ թույլ չտալով այլ քաղաքներից եկող ուսանողական ավտոբուսներին մտնել Անկարա։ Իրավապահների հետ բախումներ են տեղի ունեցել։ Մի շարք թուրքական լրատվամիջոցներ հաղորդում են վիրավորների մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում