Կանխվել է ՀՀ պետական սահմանով մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ՝ ապահովելով հարկային կարգապահությունը՝ պաշտպանելով պետության ու օրինապահ բիզնես համայնքի շահերը։
ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ կանխել են ՀՀ պետական սահմանով, մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը:
Օրերս Հայաստանի տարածքից «Բագրատաշեն» անցակետ է մուտք գործել կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատար ավտոմեքենա։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Բեռնատարը վերցվել է հսկողության: Տրանսպորտային միջոցն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման կայան։ Պատկերի վերլուծության արդյունքում բեռնատարի վերելակի պատերի հատվածում նկատվել է կասկածելի խտություն, և որոշում է կայացվել բեռնատարն ուղղորդել խոր զննման անգար։ Մաքսային ծառայողները էնդոսկոպիկ տեսանկարահանող սարքի միջոցով ֆիքսել են ներսում առկա բեռնատարի կառուցվածքին չհամապատասխանող օտար մարմիններ։ Հատուկ կտրող սարքավորման օգնությամբ բացվել են խոռոչներ, որտեղ թաքցված է եղել մոտ 22 300 տուփ տաքացվող ծխախոտ։ Խոռոչներում ծխախոտներն այնպես են հարմարեցված եղել, որպեսզի առկա ժապավենները քաշելու միջոցով ապրանքը հեշտությամբ դուրս բերվեն։
Դեպքի առնչությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի համաձայն կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Մանրամասները՝ տեսանյութում:


Կարծիքներ