Հայտնաբերվել և կանխվել է չարաշահումների դեպք, որը պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառել. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները ընդերքի ապօրինի արդյունահանման փաստական տվյալներ են ձեռք բերել:
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, խախտելով հողերի և ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները, 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արմավիրի մարզի Արևիկ համայնքի տարածքում առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի՝ իրականացրել է ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի հետևանքով ապօրինի արդյունահանվել է շուրջ 100.000մ3 ավազակոպճային խառնուրդ: Իրականացված ապօրինի ձեռնարկատիրության պատճառով պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 152.560.000 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ»,- հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ